Ինչպե՞ս պետք է պետությունը պայքարի կոռուպցիայի դեմ

Ո՞րն է Հայաստանի Հանրապետության կառավարության նպատակը` պարզապես ցույց տալ, թե պայքարում է կոռուպցիայի դեմ, թե՞ ապահովել պետության տնտեսության զարգացումն ու առաջխաղացումը: Այս հարցադրումն է անում ՀԵԻԱ վարչության անդամ, փաստաբան Մարատ Ատովմյանը:

«Հարցադրումը պատահական չեմ անում, որովհետև պրակտիկան ցույց է տալիս, որ կռուպցիայի դեմ պայքարում մեծ հաջողություն արձանագրած պետություններում իշխանության նպատակը եղել է տնտեսության զարգացումը և կոռուպցիան դիտվել է դրա խոչընդոտներից առաջնայինը, ուստի կոռուպցիայի դեմ պայքար է տարվել»,- նշեց փաստաբանը` ներկայացնելով նաև հակառակ իրավիճակը. «Եթե պետության նպատակը պարզապես այն է, որ ընդունեն ռազմավարություններ, հակակոռուպցիոն օրենքներ, ձևականորեն ստեղծեն մարմիններ` միջազգային հանրությանը ցույց տալու համար, թե իբր պայքար է ծավալվում, որպեսզի միջազգային ռեյտինգներում հորիզոնները բարելավվեն, ապա սա արդեն ինքնախաբեություն է և արդյունավետ չէ»:

Անդրադառնալով մեր իրականությանը` փաստաբանը նշեց, որ Հայաստանում մշակվել և գործարկվել է հակակոռուպցիոն երկու ռազմավարություն` սկսած 2003թ. մինչև 2012թ. «Հիմա այդ ռազմավարությունների ժամկետներն ավարտվել են, բայց, ըստ էության, մենք լուրջ մոնիթորինգի չենք էլ ենթարկել, թե որքանով են այդ ռազմավարական ծրագրերն իրականացվել, եթե չեն իրականացվել, ապա ի՞նչն է եղել խնդիրը` ֆինանսական ռեսուրսների, քաղաքական կամքի. թե մարդկային կամքի պակասը»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ առանց այս ամենը հաշվի առնելու կառավարությունը մշակել է երրորդ ռազմավարությունը. «Որը տարբերվում է նախորդներից, որովհետև առաջին անգամ բարեխիղճ պաշտոնյայի դասի ձևավորման գաղափարն է առաջ քաշում, այս առումով շահեկանորեն տարբերվում է, սակայն խնդիրն այն է, որ եթե ռազմավարությունն ընդունվի արդյոք մենք դրա հիման վրա կունենանք այն պատկան մարմինները, որոնք կկարողանան մեր երկրում կոռուպցիայի դեմ պայքարել, իմ կարծիքով` այդ ռազմավարությունը չի նախատեսում այդպիսի մարմինների ստեղծում, որովհետև կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդն առաջին հերթին անկախ չէ, բացի այդ` նախատեսվում է, որ փորձագիտական խումբ է ստեղծվելու, որը պետք է այդ «սևագործ» աշխատանքը կատարի, բայց տվյալ պարագայում այդ մարմնում ընդամենը լինելու են մի քանի փորձագետներ, չեմ կարծում, որ նրանք չլինելով անկախ և լինելով մի քանի հոգի, կարող են իրականացնել լուրջ գործառույթներ»,- եզրահանգեց փաստաբանը:

Իրավաբան.net

Վերլուծություններ

Իրադարձություններ