Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Կաշառքի համար միջնորդած ամբաստանյալի «չարչարանքը» չէր գնահատվել, ուստի 200 դոլարը պահեց իրեն

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Դատական դեպարտամենտի նախկին ղեկավարի և մյուսների գործը: Դատարանում մեղադրանքի մասին դիրքորոշում հայտնեց ամբաստանյալ Անգին Ղուկասյանը, այնուհետև այդ դիրքորոշումը վերածվեց հարց ու պատասխանի:

Հիշեցնենք` նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտոնատար անձ, նախնական համաձայնության գալով Միսակ Մարտիրոսյանի հետ, 2010 թվականի հուլիս և նոյեմբեր ամիսների ընթացքում քաղաքացիներ Արմեն Պետրոսյանին և Միքայել Ստեփանյանին նույն հիմնարկում աշխատանքի ընդունելու համար ստացել են խոշոր չափերի կաշառք:

Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը մի շարք հարցեր ուղղեց Անգին Ղուկասյանին: Հարցաքննության ընթացքում վիճաբանություն ծագեց Անգին Ղուկասյանի և Միսակ Մարտիրոսյանի միջև, Անգին Ղուկասյանը կասկած հայտնեց, որ Միսակ Մարտիրոսյանն իր դեմ որոշ քայլեր է ձեռնարկել. «Ինձ ինչ-որ մեկի մոտ փուռն եք տվել»,- ասաց նա Մարտիրոսյանին:

Այնուհետև մեղադրողի և Միսակ Մարտիրոսյանի միջնորդություններով հրապարակվեցին ամբաստանյալի նախաքննական ցուցմունքները, որոնցում խոսք էր գնում կաշառքի 2 դրվագների մասին:

Անգին Ղուկասյանը քննիչին պատմել է. «2010թ. ամռանն իմ ամուսնու ընկերուհու աղջիկը, գալով իմ աշխատասենյակ, խնդրեց, որ իր որդուն` Միքայել Ստեփանյանին աշխատանքի տեղավորեմ Լոռու մարզի դատարանում, ես նրան ասացի, որ թափուր պաշտոն կա: Նրա գնալուց հետո ես խոսեցի Միսակ Մարտիրոսյանի հետ, վերջինս տվեց իր նախնական համաձայնությունը, սակայն պահանջեց 1000 ԱՄՆ դոլարի չափով գումար: Մինչ այդ պարոն Մարտիրոսյանը մի քանի անգամ ինձ ասել էր, որ եթե կլինեն վստահելի մարդիկ, որոնք մաղարիչ կանեն, ինքը կմիջնորդեմ նրանց համար: Այդ մասին ես ասացի Ռուզաննային և մինչև աշխատանքի համար մրցույթի մեկնարկը իմ աշխատասենյակում նա ինձ տվեց 1000 ԱՄՆ դոլար գումար: Ես այդ գումարը պահեցի ինձ մոտ, քանի որ Մարտիրոսյանը արձակուրդի մեջ էր, վերադառնալուց հետո անմիջապես նրա գրասենյակում տվեցի գումարը և հիշեցրեցի, որ սա Լոռու մարզի գործավարի գումարն է: Մարտիրոսյանը հիշեց, վերցրեց և դրեց իր սեղանի դարակում»,- սա առաջին դրվագով, երկրորդ դեպքը եղել է նոյեմբեր ամսին. «Այս անգամ դիմողը մեր ապարատի աշխատակից Լիլիա Պետրոսյանն էր, որին ես ճանաչում էի աշխատաքի բերումով, նա դիմել էր եղբոր տղայի համար, որը չէր կարողանում աշխատանք ճարել, ուներ իրավաբանական կրթություն և աշխատանքի փորձ»,- այնուհետև ամբաստանյալն, իր խոսքերով, զրուցել է Միսակ Մարտիրոսյանի հետ, համաձայնեցման եկել, հիմնարկի ղեկավարն ասել է, որ կաշառքի չափը պետք է 500 դոլարից ոչ պակաս լինի. «Լիլիան բերեց գումարը` 1000 դոլարը ծրարի մեջ, դրեց սեղանին: Լիլիայի սենյակից դուրս գալով` հաշվեցի գումարը, տեսա, որ 1000 դոլար է, հաշվի առնելով նախորդ անգամ չարքաչանքիս համար չվարձատրելու հանգամանքը, ես Լիլիայի փողից 200 դոլար պահեցի ինձ, մնացած 800 դոլարը տարա Մարտիրոսյանին»,- նշված է նախաքննական ցուցմունքում:

Այսօրվա դատական նիստը ավարտվեց պաշտպաններից մեկի զբաղվածության պատճառով, հաջորդ նիստին ցուցմունք կտա Միսակ Մարտիրոսյանը:

Գևորգ Թոսունյան
Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել