Ի՞նչ կլինի, եթե ՄԻԵԴ-ի վերին պալատը «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով մեզ համար բացասական որոշում կայացնի

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Վերին պալատում հունվարի 28-ին «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով լսումների ընթացքում ելույթներ ունեցան Հայաստանը ներկայացնող Գևորգ Կոստանյանը, Ամալ Քլունին և Ջեֆրի Ռոբերթսոնը (ելույթներին կարող եք ծանոթանալ` այստեղ):

Հիշեցնենք` թուրք քաղաքական գործիչ Դողու Փերինչեքը Շվեյցարիայում Հայոց ցեղասպանությունը որակել է որպես «միջազգային սուտ» և շվեյցարական դատական ատյաններում դատապարտվել քրեական պատասխանատվության: Նա դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013թ.-ին դատարանի ստորին պալատը վճռել էր, որ խախտվել է խոսքի ազատության սկզբունքը:

ՄԻԵԴ-ի Վերին պալատում հայկական կողմի ելույթների ու դրանց ուժեղ կողմերի, սպասվող ակնկալիքների և բացասական հետևանքների մասին զրուցել ենք ԱԺ պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, իրավաբան Լևոն Մարտիրոսյանի հետ:

Grand Chamber hearingAudience de Grande ChambreՊարոն Մարտիրոսյան, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գերագույն պալատում «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով լսումների ընթացքում հունվարի 28-ին ելույթներ ունեցան Հայաստանը ներկայացնող Գևորգ Կոստանյանը, Ամալ Քլունին և Ջեֆրի Ռոբերթսոնը: Ինչպե՞ս կգնահատեք հայկական կողմի ներկայացուցիչների ելույթները:

Բոլոր երեքն էլ բարձրակարգ մասնագետներ են, Գևորգ Կոստանյանը, ով ՀՀ Գլխավոր դատախազն է, նաև շատ վաղուց հանրապետության պաշտոնական ներկայացուցիչն է Եվրոպական դատարանում և այդ կարգավիճակով է ներկայացել: Իմ կարծիքով` բավականին որակյալ ելույթներ եղան, կարծում եմ` այն ինչ-որ կախված էր Հայաստանի Հանրապետությունից և հայկական կողմից կատարվել է գերազանց ձևով, մնում է սպասել դատարանի վերջնական որոշմանը, որը տեղի կունենա մի քանի ամսվա ընթացքում:

Ի՞նչ փաստարկների վրա է հենվում թուրքական կողմը և ինչքանո՞վ են դրանք ամուր փաստարկներ:

Խոսքը ֆորմալ առումով թուրքական կողմի մասին չէ, այլ Թուրքիայի մի քաղաքացու, որը քաղաքական գործիչ է և Շվեյցարական դատարանի կողմից դատապարտվել է Հայոց Ցեղասպանությունը ժխտելու համար, որը Շվեյցարիայի օրենսդրությամբ քրեորեն պատժելի արարք է: Նա բողոքարկել է այդ վճիռը ՄԻԵԴ-ում, որն իր իրավունքն է և Եվրոպական դատարանի ստորին պալատը 2011թ. դեկտեմբերին թուրքերի համար դրական որոշում է կայացրել` հաշվի առնելով խոսքի ազատության Եվրոպական կոնվենցիայում ամրագրված իրավունքը, որը տրամաբանական է: Իսկապես այդ իրավունքը հաստատված իրավունք է և խոսքի ազատության հետ կապված մեծ թվով հայտնի գործեր կան քննված եվրոպական դատարանում, որոնք ուսումնասիրվում են որպես նախադեպեր, այլ հարց է, թե արդյոք խոսքի ազատության իրավունքը կիրառելի՞ է Հայոց ցեղասպանության ժխտման հետ կապված: Սա հենց ՄԻԵԴ-ում վիճաբանության առարկան է հանդիսացել, կարելի է փաստարկներ բերել հենց խոսքի ազատության իրավունքի իրացման կողմից և դեմ: Այստեղ իրավաբանական տերմինների շատ բարդ կծիկ է,որոնք կապված են և ազգային օրենսդրությունների, և Եվրոպական կոնվենցիայի և նախադեպերի հետ միջազգային իրավունքում, օրինակ` Հոլոքոստի հետ կապված այս խնդիրը չէր առաջանա, որովհետև միջազգային իրավունքում հաստատված, ընդհանուր կոնսենսուս կա, որ այդ դեպքերը տեղի են ունեցել: Եվրոպական դատարանի ստորին պալատը կայացրել է վճիռ, որով մեկնաբանում է, թե համընդհանուր կոնսենսուս չկա, թե արդյոք Հայոց ցեղասպանություն տեղի ունեցել է,  թե` ոչ, հետևաբար կարելի է այն ժխտել և դա քրեորեն պատժելի չէ, և խոսքի ազատության իրավունքի իրացում է: Այս առումով կարելի է թուրքական կողմի փաստարկը ուժեղ համարել: Զուտ ֆորմալ առումով Հայոց ցեղասպանության ճանաչման և չճանաչման հարց չի քննարկում ՄԻԵԴ-ը, այլ խոսքի ազատության իրավունքի կիրառման սահմանների մասին է խոսքը, թեև քաղաքական տեսանկյունից եթե դիտարկենք հարցը, ապա որոշման կայացումից հետո մեկնաբանվելու է այն իմաստով, թե ՄԻԵԴ-ը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թե` ոչ:


Grand Chamber hearing Audience de Grande ChambreՏվյալ պարագայում ունենում ենք երկու իրավիճակ` մի պարագայում ՄԻԵԴ-ը ղեկավարվում էր Շվեյցարիայում Փերինչեքի խոսքի ազատության սկզբունքով, իսկ մյուս կողմից Հայոց ցեղասպանությունը պատմաբանների միջազգային հանրության կողմից ճանաչվել է որպես պատմական փաստ: Կարծիք կա, որ անարդար դատավճիռը կխարխլի հանրային վերաբերմունքը ՄԻԵԴ-ի նկատմամբ: Արդյոք համամի՞տ եք այս կարծիքի հետ, եթե այո, ապա ինչո՞ւ:

Բացարձակապես համամիտ չեմ, որքան էլ հայկական և թուրքական կողմի համար այս գործը կարևոր, սա ՄԻԵԴ-ի հեղինակության և ազդեցության հետ կապ չունի, նրանք պարզապես իրենց գործն են անում: Վերջին տասնամյակների ընթացքում բազմաթիվ հնչեղ գործեր քննվել են ՄԻԵԴ-ի կողմից և բազմաթիվ կարևոր նախադեպային վճիռներ կայացվել: Խնդիրն այն է, որ մի անգամ արդեն ՄԻԵԴ-ն իր ստորին պալատում, այպես ասած` մեր դեմ որոշում կայացրեց: Դրանից հետո ոչինչ չի խարխվել` ո՛չ մեր դիրքորոշումն է Հայոց ցեղասպանության հետ կապված փոխվել, ո՛չ թուրքական կողմի, ո՛չ էլ միջազգային հանրության: Սա զուտ իրավական առումով հետաքրքիր նախադեպ է: Այլ հարց է, որ որոշումն այս կամ այն կերպ վերջում քաղաքականացվելու է:

Grand Chamber hearing Audience de Grande ChambreԳործի քննությունը հատուկ բնույթ է ստանում Հայոց ցեղասպանության մոտալուտ 100-ամյա տարելիցի լույսի ներքո, եթե որոշումը լինի հօգուտ հայկական կողմի, այն ի՞նչ դրական արդյունքներ կունենա:

Սա դրական նախադեպ կլինի, այն հնարավոր կլինի օգտագործել ինչպես միջազգային այլ ատյաններում ապագա գործերի հետ կապված, այնպես էլ ներազգային: Այս որոշումը դրական ելքի պարագայում կհանդիսանա որպես Հայոց ցեղասպանության փաստի հաստատման նախադեպ Եվրոպական դատարանի կողմից և խոսքի ազատության իրավունքի սահմանափակում: Այո՛, խոսքի ազատության իրավունքը հաստատված իրավունք է, բայց կան սահմանափակումներ, ինչպես Հոլոքոստի դեպքում:

Իսկ եթե հակառակ իրավիճակը լինի՞:

Եթե ինչ-ինչ պատճառով մեզ համար բացասական որոշում կայացվի, սա նույնպես նախադեպ կլինի, որովհետև այն հնչեղությունը, որ տրվելու է այս գործին իր դրական ազդեցությունն, այնուամենայնիվ, ունենալու է:

Հարցազրույցը` Գևորգ Թոսունյանի

Լուսանկարները` ՄԻԵԴ-ի պաշտոնական կայքէջից

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել