Նորություններ

Անմեղության կանխավարկածը` որպես բացարձակ իրավունք

«Ինչպես հազար ճագարից անհնարին է ստեղծել մեկ ձի,
այնպես էլ հազար կասկածից հնարավոր չէ ստեղծել մեկ ապացույց»:
Օնորե դը Բալզակ

 

Մեր օրերում բավականին հաճախ ենք լսում մեղադրյալի անմեղության կանխավարկածի սկզբունքի պահպանման կամ խախտման մասին: Որպես անմեղության կանխավարկածի բնորոշում, համատարած է դարձել հետևյալ սահմանումը. «Հանցագործության կատարման մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով և դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

 

 

Համաձայն Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, կամ իրեն ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի քննարկման դեպքում, իրավունք ունի գործի արդարացի հրապարակային դատաքննության՝ խելամիտ ժամկետում, օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից» (հոդված 6, մաս 1): Նույն հոդվածի 2-րդ մասին համաձայն «Յուրաքանչյուր ոք, ով մեղադրվում է քրեական հանցագործության մեջ, անմեղ է համարվում, մինչեւ որ նրա մեղավորությունը չապացուցվի օրենքին համապատասխան»:

 

Համաձայն ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի «Հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք իրավունք ունի անմեղ համարվելու մինչև այն պահը, քանի դեռ նրա մեղքը օրինական կարգով չի հաստատվի հրապարակային դատական քննության միջոցով, որի ժամանակ նրան տրվում են պաշտպանության բոլոր հնարավորությունները» (հոդված 11, մաս 1):

 

Համաձայն ՀՀ Սահմանադրության «Հանցագործության մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: Չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի» (հոդված 21):

 

 

Անմեղության կանխավարկածի սահմանադրական սկզբունքի բովանդակությունից բխում է, որ մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: Այս կապակցությամբ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Մեղադրյալի կողմից իր իրավունքներից օգտվելը կամ դրանցից օգտվելուց հրաժարվելը չպետք է մեկնաբանվի ի վնաս նրա և նրա համար առաջացնի որևէ անբարենպաստ հետևանք»:

 

Ինչպես գիտենք, քրեական դատավարության ընթացքում մեղադրյալի մեղքի ապացուցումը դա դատավարության մեղադրող կողմի պարտականությունն է: «Կասկածյալը կամ մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: Նրանց անմեղության ապացուցման պարտականությունը չի կարող դրվել պաշտպանության կողմի վրա: Մեղադրանքի ապացուցման և կասկածյալին կամ մեղադրյալին ի պաշտպանություն բերված փաստարկների հերքման պարտականությունը կրում է մեղադրանքի կողմը» (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի հոդված 18, մաս 2): Դատախազը պարտավոր է դատարանում պաշտպանել մեղադրանքը, քանի դեռ չեն հայտնաբերվել քրեական հետապնդումը կամ քրեական գործի վարույթը բացառող հանգամանքներ (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի հոդված 34, մաս 2): Դատախազի կողմից դատարանում նման դիրքորոշում հայտնելու դեպքում, դատարանը պարտավորվում է կարճել քրեական գործի վարույթը և դադարեցնել քրեական հետապնդումը:

 

Խոսելով անմեղության կանխավարկածի սահմանադրական երաշխիքի մասին, չենք կարող անմասն թողնել նաև զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները: Որտեղ ի ցույց ամբողջ Հայաստանի և նրա սահմաններից դուրս, հայտնվում են անձիք, ովքեր մեղադրվում են հանցանք կատարելու մեջ և որոնց գործերով դեռևս շարունակվում է նախաքննությունը, սակայն վերջիններս հասարակության կողմից արդեն ընկալվում են որպես «հանցանք կատարած անձինք»: Երբեմն հնչում են տարբեր կարծիքներ, որ անձիք իրենք են ընդունում իրենց մեղքը: Որից էլ հասարակության մեծ մասի մոտ թյուր կարծիք է ձևավորվում, որ եթե մեղադրյալը խոստովանել իր մեղքը այս կամ այն հակաիրակավական արարքի կատարման մեջ, ապա վերջինս մեղավոր է, և անմեղության կանխավարկածի սահմանադրական սկզբունքի խախտման մասին խոսք լինել չի կարող: Բայց մեղադրյալի մեղավորության մասին արտահայտված կարծիքները դատարանի վրա չեն ազդում և չեն էլ կարող ազդել նաև այն պատճառով, որ «Արդարադատություն իրականացնող դատավորը ենթարկվում է միայն Սահմանադրությանը և օրենքին» (ՀՀ Սահմանադրության հոդված 97), և դատարանը պետք է պարզի արդյո՞ք վերջինիս ինքնախոստովանությունը նպատակ չունի թաքցնել մեկ այլ հակաիրավական արարք, կամ էլ` իրական հանցանք կատարած անձին: Պետք է հիշել, որ դատարանը հանդես չի գալիս ոչ մեղադրանքի, և ոչ էլ պաշտպանության կողմում, այլ արդարադատություն իրականացնող սուբյեկտ է:

 

Այստեղ մեկ այլ հարց է ծագում. արդյո՞ք որևէ մեկն իրավունք ունի մինչև դատավճռի կայացումը կարծիք արտահայտել անձի մեղավորության վերաբերյալ: ՀՀ Սահմանադրությունը սահմանում է ինչպես մեղադրյալի անմեղության կանխավարկածի սկզբունքը, այնպես էլ յուրաքանչյուրի խոսքի ազատության և սեփական կարծիքը պնդելու իրավունքը  (ՀՀ Սահմանադրության հոդված 27):

 

  Դիտվել է`

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել