Երդվյալների դատարանը չի կարող իշխանության կողմից տոտալ վերահսկվել. փաստաբան

Հայաստանի դատական համակարգը զարգացնելու միակ հնարավոր միջոցը, բացի քրեադատավարական և քրեաիրավական օրենսդրության բարեփոխումներից, երդվյալ ատենակալների դատարանի հիմնադրումն է Հայաստանի Հանրապետությունում: Համոզված է փաստաբան Հովհաննես Քոչարյանը:

«1995թ. Սահմանադրությամբ նախատեսվում էր այդպիսի դրույթ, բայց իմ կարծիքով հուզական և կենցաղային իրավագիտակցության ֆոնի վրա կատարվող քննարկումները շատ վատ ծառայություն մատուցեցին մեր հասարակությանը` հրաժարվեցին երդվյալների դատարանից: Ես կարծում եմ` երդվյալների դատարանը` իսկական ժողովրդավարական ինստիտուտ է` փաստի դատարան, այն փողոցի դատարան չէ»,- ընդգծեց փաստաբանը` հավելելով, որ հասարակությանը կարելի է երդվյալների դատարանում հանդես գալու հնարավարություն տալ:

«Վերջապես դա ոչ թե հանրային, այլ պետական դատարան է, որտեղ հասարակությունն ունենում է իր մասնակցությունը, իսկ մեր հասարակությունը, օրինակ` Գյումրի քաղաքի դեպքերի ժամանակ ավելի առողջ ու ադեկվատ մոտեցում դրսևորեց իրավական երևույթին` քրեական հանցագործության արձագանքների մասին է խոսքը, քան ինչ-որ տեղ պետական ապարատը»,- ասաց փաստաբանը:

Մեր այն հարցին, թե արդյոք այս ինստիտուտը կարող է գործել մեր իրականությունում` անտեսելով ազգաբնակչության նվազ քանակն ու շահերի բախումները, պարոն Քոչարյանը պատասխանեց. «Ես կարծում եմ` դրանք ոչ գիտական մոտեցումներ են: Մենք ընդունում ենք, որ այդ համակարգը մեզ մոտ չի գործելու, որովհետև արդարության և բարոյականության պատկերացումները մեր հասարակությունում խեղաթյուրված են, ճիշտ հակառակը` հասարակության մեծ շրջանակներում դրանք դեռևս պահպանված են: Ինստիտուտի վերաբերյալ տարբեր կարծիքներ են հնչելու, ես դրանք հասկանում եմ»,- շեշտեց մեր զրուցակիցը:

Փաստաբանի համոզմամբ` ներկայիս դատավարական համակարգը այլևս կենսունակ չէ. «Այն չի կարողանում նեգատիվ փաստերը դրականորեն ապացուցել: Նա կորցրել է այդ պոտենցիալը, և անմեղության կանխավարկածը դարձել է դեկորատիվ սկզբունք: Բոլոր քրեական գործերով առկա է մի սկզբունք` քրեական գործի նյութերի հավաստիության կանխավարկածը, մի բան, որը բացառված է երդվյալների դատարանում, որովհետև նրանք չեն կարող իշխանության կողմից տոտալ վերահսկվել»,- շեշտեց պարոն Քոչարյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել