56 մլն դրամի գողության գործով բաց նամակ նախագահին

56 միլիոն 400 000 դրամի գողությանը օժանդակելու մեջ մեղավոր ճանաչված Աշոտ Առուշանյանի հարազատները վերջերս հացադուլ էին սկսել: Այսօր Աշոտ Առուշանյանի հայրը` Լավրենտի Առուշանյանը բաց նամակ է ուղղել ՀՀ նախագահին: Նամակում ասվում է.

«Մեծարգո պարոն Նախագահ,

Սույն նամակով դիմում եմ Ձեզ, քանի որ կորցրել եմ մեր երկրի դատաիրավական համակարգի հանդեպ ողջ հավատս:

Այս տարվա հունվարի 20-ից մեր ողջ գերդաստանով հացադուլի ենք նստել Նախագահի նստավայրի առջև և խնդրում ենք Ձեզ ժամանակ գտնել ու ընդունել մեզ:

Մեր շարքերում կան նաև առողջական խնդիրներ ունեցող մարդիկ: Մեզ ընդունելու դեպքում և մեր կողմից ձեռք բերված ապացույցները քննելու դեպքում, համոզված եմ, որ կապացուցվի որդուս՝ Աշոտ Առուշանյանի անմեղությունը: Իսկ նա արդեն 2 տարի 7 ամիս է, ինչ գտնվում է ապօինի կալանքի տակ:

Աշոտը մեր երկրի լավագույն ուսանողներից է և իր գիտելիքներով կարող է ծառայել մեր երկրի զարգացմանն ու բարգավաճմանը:
Այո, մենք ամիսներով էլ պատրաստ ենք նստել հացադուլի: Պատրաստ ենք հացադուլ անել այնքան ժամանակ, քանի դեռ Դուք չնդունեք մեզ, քանի որ մեր միակ հույսն եք:
Դուք կարող եք պատժել իրական մեղավորներին և ոճրագործներին, ովքեր հիմա թլ աշխատում են դատաիրավական համակարգում: Իսկ նրանց միայն ներկայությունն այդ համակարգում վտանգ է ազգային անվտանգությանը:

Մենք արդեն դիմել ենք ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի քրեական գործ հարուցվի քննիչ Մուշեղ Ալեքսանյանի և Դատախազ Տիտան Ուզոյանի նկատմամբ, սակայն ՀՀ հատուկ քննչական ծառայությունից նամակ ենք ստացաել,(իհարկե պատասխանը ուղարկել են առանց գործը քննելու), որ իբրև թե առկա չեն քրեածին տարրեր: Իսկ միթե միայն այն հանգամանքը, որ որդուս գործով կարևոր տեսանյութը մոնտաժված է և իրական հանցագործները կոծկվել են արդեն իսկ քրեածին տարր չէ՞:
Արդարությունը վերականգնելու նպատակով բազմիցս դիմում- բողոքներ ենք ներկայացրել Ձեզ (համոզված ենք, որ դրանք Ձեզ չեն էլ ներկայացրել): Այդ իսկ պատճառով դիմել ենք հացադուլի ծայրահեղ քայլին, որպեսզի գոնե այս կերպ լսելի դարձնենք մեր ձայնը:

Կրկին անգամ խնդրում եմ Ձեզ, որպես ՀՀ Նախագահի` վստահ լինելով Ձեր արդարամտությանը, օրինապաշտությանը, անաչառությանն ու հետևողականությանը և հավատալով Ձեր կարգախոսին՝ «Դեպի ապահով Հայաստան», խնդրում եմ` ընդունեք ինձ կամ մեր փաստաբանին, որպեսզի միասին կարողանանք վերականգնել արդարությունը:

Անհիմն դատապարտված Աշոտ Առուշանյանի հայր՝ Լավրենտի Առուշանյան»:

Քրեական գործին կարող եք ծանոթանալ` այստեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել