Այնպիսի արտառոց դեպք է, որ դժվար է արագ կողմնորոշվել. Լևոն Մարտիրոսյանը Գյումրու դաժան սպանության մասին

Այսօր լրագրողների հետ հանդիպմանն Աժ պատգամավոր Լևոն Մարտիրոսյանն ու «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանն անդրադարձան Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած սպանության դեպքին:

Լևոն Մարտիրոսյանը նշեց, որ դեպքն արտառոց էր և սպանությունից հետո բազմաթիվ անհեթեթ վարկածներ են հնչել. «Որքան էլ դեպքը ողբերգական լինի, այդուհանդերձ քննությունը պետք է անցկացնի ամենաորակյալ ձևով: Հետին մտքով բոլորս մեծ մասնագետներ ենք դարձել, բոլոր քաղաքացիներն ու քաղաքական գործիչներն արդեն հետին մտքով գիտեն, որ հայկական կողմը պետք է ձերբակալեր կասկածյալին: Փաստը մնում է փաստ, որ այնպիսի արտառոց դեպք է գրանցվել, որ դժվար է արագ կողմնորոշվել` ինչ անել: Մեր իրավապահ համակարգին և ռուսական կողմին բազմաթիվ հարցեր կան տալու, այդ հարցերը պետք է հնչեն: Քննությունը պետք է այդ հարցերի պատասխանը տա, արդար դատաքննություն պետք է տեղի ունենա»,- շեշտեց պատգամավորը:

Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ հայ և ռուս իրավապահ մարմինների գործունեությունը խիստ քննադատելի է. «Վարկած կա, որ սկզբում հայկական ուժային կառույցներն են Վալերի Պերմյակովին բռնել և տրամադրել ռուսական կողմին, տվյալ պարագայում դատապարտելի է հայկական կողմի պահվածքը: Եթե նրանք չեն բռնել, ապա նույնպես քննադատելի է, որ մեծ ներուժ ունենալով` չեն կարողացել հայտնաբերել հանցագործության մեջ կասկածվող անձին: Իրավապայմանագրային ամբողջ բազան թույլ էր տալիս, որ կասկածյալը հանձնվեր մեր իրավապահներին»,- ընդգծեց պարոն Մարտիրոսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել