Հարկադիր կատարողը չարաշահել է պաշտոնական լիազորությունները

Քաղաքացի Աշոտ Ա.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ քաղաքացիական գործով արգելանք է դրվել իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասի, ավտոտեխսպասարկման և անվադողերի սպասարկման կետերի վրա: ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցը որոշում է կայացրել արգելանքի տակ գտնվող գույքն էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին, և կատարողական վարույթի ընթացքում հօգուտ քաղաքացիական գործով հայցվոր Վահագն Կ.-ի գործելու նկատառումներից ելնելով` հարկադիր կատարողը չի կատարել իր պարտականությունները, այն է՝ օրենքով սահմանված կարգով էլեկտրոնային աճուրդ անցկացնելու որոշման մասին չի ծանուցել իրեն, որի հետևանքով զրկվել է աճուրդին մասնակցելու հնարավորությունից և նշված գույքն իրական արժեքից ակնհայտ ցածր գնով էլեկտրոնային աճուրդով վաճառվելու արդյունքում կրել է նյութական վնաս (140 հազ. ԱՄՆ դոլար արժողությամբ գույքը վաճառվել է 5 մլն. դրամով):

Քաղաքացի Աշոտ Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարկադիր կատարողի կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել