Ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների գույքահարկի դրույքաչափերը

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների համար գույքահարկը հաշվարկվում է հետևյալ չափերով.
1. մինչև 10 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար, եթե հարկման բազան`

  • 1-ից 120 ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 200 դրամ,
  • 121-ից 250 ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 300 դրամ, ինչպես նաև 150 ձիաուժը գերազանցող յուրաքանչյուր մեկ ձիաուժի համար լրացուցիչ` 1000 դրամ,
  • 251 և ավելի ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 500 դրամ, ինչպես նաև 150 ձիաուժը գերազանցող յուրաքանչյուր մեկ ձիաուժի համար լրացուցիչ` 1000 դրամ,

2. 10 և ավելի նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների և բեռնատար (բեռնաուղևորատար) ավտոմեքենաների համար, եթե հարկման բազան`

  • 1-ից 200 ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 100 դրամ,
  • 201 և ավելի ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 200 դրամ

Մինչև երեք տարվա վաղեմության ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների համար գույքահարկը հաշվարկվում է 100 տոկոսով:
Երեք տարուց ավելի վաղեմության ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների համար գույքահարկի գումարը երրորդ տարվան հաջորդող յուրաքանչյուր տարվա համար պակասեցվում է հարկի գումարի 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան հարկի գումարի 50 տոկոսը: Ընդ որում, վաղեմության ժամկետը որոշելու համար հիմք է ընդունվում ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի թողարկման տարեթիվը:
Բեռնատար (բեռնաուղևորատար) ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների վաղեմության ժամկետի 20-րդ տարին լրանալուց հետո տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի համար գույքահարկ չի հաշվարկվում և չի վճարվում:
«Այստեղ հարկ է նկատել, որ «վաղեմության ժամկետ» արտահայտության օգտագործումը այս կոնտեքստում սխալ է և տեղին չէ, քանի որ այն լիովին ուրիշ իրավաբանական նշանակություն ունի և դրա էությունը կապվում է իրավունքի պաշտպանության ժամանակահատվածի հետ»,- iravaban.net-ի լրագրողի հետ զրույցում հայտնում է «ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում» ծրագրի փաստաբան Կարեն Հովհաննիսյանը:
Նրա փոխանցմամբ՝ այդ նկատառումներից ելնելով էլ անհրաժեշտ է «վաղեմության ժամկետ» արտահայտությունը փոխարինել «ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի թողարկման տարեթվից սկսած» արտահայտությամբ:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել