Գումար է վաստակել` քրոջն ու նրա անչափահաս երեխաներին ստիպելով մուրացկանությամբ զբաղվել. մեղադրական եզրակացություն

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում մի քրեական գործ, որի մեղադրական եզրակացության համաձայն` Կարեն Հարությունյանը մուրացկանության է դրդել իր քրոջ երեխաներին:

Այսպես` ըստ եզրակացության` Կարեն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կնոջ` Հայարփի Սարգսյանի հետ նախնական համաձայնությամբ, 2012-2013թթ. ընթացքում իրենց հետ նույն հարկի տակ բնակվող քրոջ՝ Անուշ Հարությունյանի անչափահաս երեխաներ՝ 1999թ. ծնված Վարդուհի Հարությունյանին և 2002թ. ծնված Աշոտ Հարությունյանին շահագործելու նպատակով, նրանց նկատմամբ բռնություն գործադրելով և դա գործադրելու սպառնալիքով` սկզբնական շրջանում ծեծի ենթարկելով, այնուհետև դրա սպառնալիքով, վերջիններիս հարկադրել են զբաղվել մուրացկանությամբ:

Բացի այդ, ըստ մեղադրական եզրակացության` Կարեն Հարությունյանը, շահագործելով երեխաներին, ստացել է նույն ժամանակահատվածում անչափահասների կողմից մուրացկանությամբ վաստակած գումարները և ուղղել իրենց ընտանիքի կարիքները հոգալուն:

Այսինքն` ըստ եզրակացության համառոտ բովանդակության` Կարեն Հարությունյանը կատարել Է ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված հանցագործություն: Նաև նշվում է, որ Կարեն Հարությունյանը ծնողներից ժառանգություն մնացած՝ Աբովյան քաղաքում գտնվող բնակարանը վաճառելու նպատակով 2008թ. ընթացքում 7000 ԱՄՆ դոլարի չափով կանխավճար է վերցրել Նարինե Ղազարյանից, այնուհետև պայմանագիրը չեղյալ է համարվել, սակայն Կարեն Հարությունյանն այդ գումարից 5000-ն արդեն վատնել է:

Նա քրոջը շահագործելու նպատակով, նրա կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով և դա գործաղրելու սպառնալիքով՝ սկզբնական շրջանում ծեծի ենթարկելով, այնուհետև դրա սպառնալիքով, 2009-2012թթ. ընթացքում կնոջ հետ քրոջտ հարկադրել է մուրացկանությամբ զբաղվել, իսկ վաստակած գումարով մարել Նարինե Ղազարյանին ունեցած պարտքը, ինչի արդյունքում ամբաստանյալի քույրը` Անուշ Հարությունյանը շուրջ երեք տարի, իր կողմից այդ կերպ վաստակած գումարներից օրեկան միջինը` 3.000 ՀՀ դրամ գումար վճարելով Նարինե Ղազարյանին, ամբողջությամբ մարել է այն: Մեղադրանք է առաջադրվել նաև Կարեն Հարությունյանի կնոջ նկատմամբ:

Նշյալ քրեական գործի մանրամասները վերցրված են դատական տեղեկատվական համակարգից, դատավարության բոլոր մասնակիցների անունները փոփոխված են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել