ՀՀ և ԻԻՀ արտգործնախարարները անդրադարձան երկկողմ համագործակցությանը և տարածաշրջանային այլ հարցերի

Հունվարի 27-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց երկօրյա այցով Հայաստանում գտնվող Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին։ Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցեր՝ վերահաստատելով երկուստեք պատրաստակամությունը՝ զարգացնելու մեր ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված փոխշահավետ համագործակցությունը: Նախարարները համակարծիք էին, որ հայ-իրանական հարաբերությունները քրիստոնյա և մահմեդական երկրների համագործակցության տեսանկյունից օրինակելի կարելի է համարել։

Բանակցությունների օրակարգում էին առևտրատնտեսական փոխգործակցության ընդլայնման հարցերը։ Այս համատեքստում անդրադարձ արվեց համատեղ տրանսպորտային և էներգետիկ նախագծերին։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրներ: Նախարար Նալբանդյանը շեշտեց, որ Հայաստանը մշտապես կողմ է տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատմանն ու ամրապնդմանը։

Նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացում դրական միտումների վերաբերյալ, և հույս հայտնեց, որ խնդրի շուրջ արդեն ձեռք բերված պայմանավորվածությունները ճանապարհ կհարթեն հարցի համապարփակ կարգավորման համար:

Նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը: Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը գնահատում է Իրանի հավասարակշռված դիրքորոշումը՝ ղարաբաղյան հիմնախնդրի հարցում:

Հանդիպումից հետո տեղի ունեցավ երկու արտգործնախարարների համատեղ մամլո ասուլիս: Էդվարդ Նալբանդյանին հնչեցված հարցերն ու նրա կողմից դրանց տրված պատասխանները ներկայացնում ենք ստորև:

Հարցերից մեկը անդրադարձավ այն հանգամանքին, որ Դավոսում Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ ամբողջ աշխարհում բոլոր հակամարտությունների կարգավորման հիմքում պետք է դրվեն միջազգային իրավունքի միևնույն նորմերը:Եվ հնչեցվեց հարց, թե ինչպե՞ս նախարարը կմեկնաբանի այդ հայտարարությունը:

Էդվարդ Նալբանդյան. Այդպիսի հայտարարությունները տպավորություն են թողնում, թե Ադրբեջանի ղեկավարի շուրթերով կարելի է «մեղր խմել», բայց դա չի համապատասխանում իրականությանը։

Իրական տպավորությունն այն է, որ կան միջազգային իրավունքի սկզբունքներ և նորմեր, և մյուս կողմից՝ միջազգային իրավունքի և սկզբունքների ադրբեջանական ընկալում: Հիշեցնեմ, որ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները ընկած են հիմքում այն առաջարկների, որոնք արվել են եռանախագահող երկրների կողմից՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ: Հիշեցնեմ նաև, որ դրանք երեք սկզբունքներն են՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն: Ի պատասխան այն կոչերի, որոնք արվել են եռանախագահ երկրների կողմից, անգամ՝ նախագահների մակարդակով արված կոչերի՝ Հայաստանը բազմիցս վերահաստատել է իր հանձնառությունը՝ այդ սկզբունքների հիման վրա հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: Իսկ Ադբեջանը այդպես էլ չի արտահայտում իր դիրքորոշումը՝ ի պաշտպանություն միջազգային իրավունքի այդ սկզբունքների: Դա ցույց է տալիս այդ հայտարարությունների հակասությունը, որ անում են Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները նայած՝ որ հարթակում են գտնվում և ինչպես են ուզում ընկալվել այդ հարթակներում։ Բայց, իրականում, երբ տարբեր միջազգային կազմակերպություններ քննադատություններ են հնչեցնում Ադրբեջանի հասցեին, Բաքուն ասում է, որ այդ կազմակերպությունները ոչինչ չեն հասկանում: Երևի հասկացողները միայն ադրբեջանցիներն են։

Հարց. Ի՞նչ հնարավորություններ են բացվում հայ-իրանական տնտեսական համագործակցության համար՝ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունից հետո։

Էդվարդ Նալբանդյան. Մենք դեռ նոր ենք դարձել Եվրասիական միության անդամ և ուսումնասիրում ենք հնարավորությունները, որպեսզի մեր անդամակցությունը դրական ձևով անդրադառնա ոչ միայն մեր հարաբերություններին Եվրասիական միության անդամ երկրների հետ, այլև մեր հարևանների, այլ երկրների հետ, որոնց հետ մենք ավանդական տնտեսական, առևտրական զարգացած հարաբերություններ ունենք և նաև լավ հեռանկարներ ունենք՝ այդ հարաբերությունները առավել ամրապնդելու, խորացնելու և զարգացնելու: Այդպիսի օրինակներից է հենց մեր հարևան Իրանը:

Մյուս հարցը անդրադարձավ նրան, որ իրանական կողմը միշտ պատրաստակամություն է հայտնում՝ երկաթուղու, ՀԷԿ-ի և Իրան-Հայաստան գազամուղի կառուցման առնչությամբ: Հարցը հետևյալն էր. ի վերջո, ի՞նչն է խոչընդոտում` ներդրումների բացակայությունը, թե՞ երկու կառավարություններում քաղաքական կամքի բացակայությունը:

Էդվարդ Նալբանյան. Եթե այդպիսի կամք չլիներ, ապա երկու կողմերն էլ չէին արտահայտի իրենց պատրաստակամությունը և ցանկությունը` այդ ծրագրերը կյանքի կոչելու։ Ես իմ խոսքի մեջ նշեցի, որ ողջունում ենք այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել երկու կողմերի միջև, ներառյալ՝ միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի ժամանակ, որի ընթացքում քննարկվել էին այդ ծրագրերը։ Ես հույս հայտնեցի, որ շուտով դրանք կյանքի կկոչվեն, և իրական արդյունքներ կտեսնենք: Տեխնիկական հարցեր միշտ էլ լինում են, բայց ես կցանկանայի նշել, որ երկու երկրների միջև խնդիրներ չկան: Ավելի շուտ տեխնիկական հարցեր են, որոնց լուծումները միշտ հնարավոր է գտնել:

Լուսանկարը՝ mfa.am-ի:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել