2014թ. ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթում քննվել է 546 քրեական գործ

ՀՀ հատուկ քննչական ծառայության 2015 թվականի հունվարի 26-ին անցկացված ընդլայնված խորհրդակցությունը նվիրված էր ծառայության անցած տարվա կատարած աշխատանքներին: Խորհրդակցությունը նախագահել է Հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանը:

2014թ. կատարված աշխատանքների արդյունքների մասին զեկուցեց ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Մուշեղ Բաբայանը:

Վերջինս նշեց, որ 2014թ. ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթում քննվել է 546 քրեական գործ: Վիճակագրական տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ նախորդ երկու տարիների համեմատ կտրուկ աճել է ծառայության քննիչների ծանրաբեռնվածությունը: Այսպես, 2012թ. ծառայության քննիչների վորույթում քննվել է 204 քրեական գործ, 2013թ.՝ 239 քրեական գործ: Ուշագրավ է, որ միայն 2014թ. վարույթում քննված գործերի քանակը 103-ով գերազանցում է նախորդ երկու տարիներին քննված քրեական գործերի թվաքանակը միասին վերցրած /546-443/:

Քննված 546 քրեական գործից՝ 54-ը փոխանցվել է նախորդ տարվանից, իսկ 492-ը վարույթ է ընդունվել հաշվետու տարում:

Հաշվետու տարում վարույթ ընդունված գործերից 282-ը հարուցվել է Հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից, 158-ը ստացվել է քրեական հետապնդման մյուս մարմիններից, իսկ մնացածը անջատվել է այլ գործերից կամ վերսկսվել է:

Ուշագրավ է, որ հաշվետու ժամանակահատվածում ծառայության քննիչների հարուցած քրեական գործերի քանակն էլ է էականորեն գերազանցում նախորդ երկու տարիների ցուցանիշը: Այսպես, 2014թ. ընթացքում հարուցվել է 217 քրեական գործ ավելի, քան 2012թ. /65 գործ/ և 119 քրեական գործ ավելի, քան 2013թ. /163 գործ/:

Աճն ակնհայտ է նաև քրեական հետապնդման այլ մարմիններից ստացված քրեական գործերի քանակի առումով: Այսպես, հաշվետու ժամանակահատվածում այլ մարմիններից ստացված 158 քրեական գործը 42-ով ավելի է, քան 2012թ-ին ստացվածները /116 գործ/ և 56-ով ավելի է, քան 2013թ-ին ստացվածները /102 գործ/:

Հաշվետու ժամանակահատվածում վարույթում քննված 546 քրեական գործից ավարտվել են 235-ը կամ 43 տոկոսը: Նախորդ տարիների համեմատությամբ 2014թ. ավարտվել է 139 գործ ավելի, քան 2012թ. /96 գործ/ և 142 գործ ավելի, քան 2013թ. /եղել է 93 գործ/:

Ավարտված քրեական գործերից 55-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 168-ը` կարճվել /կրկնակի կարճվել է 12-ը/:
2014թ. ընթացքում կասեցվել է 27 քրեական գործերի վարույթը, միացվել է 29 գործ, ըստ քննչական ենթակայության է ուղարկվել 118-ը, անավարտ է մնացել և 2015թ. փոխանցվել՝ 132 քրեական գործ:

Ինչպես վերը նշվել է, 2014թ. ավարտված քրեական գործերից 55-ը /այդ թվում 4-ը կրկնակի/՝ 110 անձի նկատմամբ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան /2013թ.՝ 47 գործ 78 անձ/:

Դատի տրված 110 անձից նախաքննության ընթացքում կալանավորվել է 38-ը, 2 անձի նկատմամբ կիրառվել է գրավը, իսկ 70 անձի նկատմամբ կիրառվել է անազատության հետ չկապված այլ խափանման միջոց:

Դատարան ուղարկված քրեական գործերով արդարացման դատավճիռներ չեն կայացվել:

2014թ.-ին իրենց կատարած աշխատանքների մասին զեկուցեցին Կոռուպցիոն, կազմակերպված եւ պաշտոնեական հանցագործությունների քնության վարչության պետ, արդարադատության գնդապետ Կարեն Կարապետյանը, Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ, արդարադատության գնդապետ Աշոտ Հակոբյանը, Խոշտանումների եւ մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչութան պետ, արդարադատության գնդապետ Վարուժան Ղահրամանյանը, Հատուկ քննչական ծառայության պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչ Էդգար Պողոսյանը, Կոռուպցիոն, կազմակերպված եւ պաշտոնեական հանցագործությունների քնության վարչության պետի տեղակալ Էդիկ Հակոբյանը, ՀԿԳ ավագ քննիչներ Արշալույս Մինասյանը, Վազգեն Ավետիսյանը, ծառայության աշխատակազմի քննչական աշխատանքների կազմակերպման կատարելագործման և քննության մեթոդիկայի մշակման բաժնի պետ Սերգեյ Առաքելյանը:

Խորհրդակցության ավարտին ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանն ամփոփեց 2014թ. կատարված աշխատանքները՝ առանձնահատուկ ընդգծելով նախորդ տարվա ընթացքում ծառայության ձեռքբերումները:

– Կարծում եմ, որ ծառայության 2014թ-ի ամենագլխավոր ձեռքբերումներից մեկը մեր քննիչների կողմից իրականացվող նախաքննության որակի ու արդյունավետության բարձրացումն է, որի գրավականն, անշուշտ, երիտասարդ, պրոֆեսիոնալ և բարոյական բարձր հատկանիշներով օժտված քննիչներով ծառայության համալրումն է,- իր ելույթի ժամանակ ընդգծեց ՀՀ հատուկ քննչական ծառայության պետն ու շարունակելով իր խոսքն՝ ասաց,- գաղտնիք չէ, որ վերջին մեկ, մեկուկես տարում ամեն ինչ արվել է, որպեսզի Հատուկ քննչական ծառայությունը դառնա մեր երկրի ամենապրոֆեսիոնալ, սկզբունքային ու անաչառ քննչական կառույցը: Պետք է ընդգծել, որ սա այլևս կայացած իրողություն է: Այսօր մեր երկրի Հատուկ քննչական ծառայությունը ինքնուրույն պետական կառույց է, որն իր լիազորություններն իրականացնելիս անկախ է և ի զորու է կատարել ամենաբարդ, բազմադրվագ, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների փաստերով հարուցված քրեական գործերի նախաքննությունը: 2014թ-ի մյուս առանցքային ձեռքբերումներից Հատուկ քննչական ծառայության պետը համարեց Ծառայությունում հակակոռուպցիոն ռազմավարության ներդրումն ու դրա հետևողական իրականացումը:

– Երեսպաշտություն չեմ համարի, եթե ուղղակի նշեմ, որ այսօր իրավապահ քիչ կառույցներ կարող են հպարտանալ, որ կոռուպցիոն երևույթների դեմ պայքարն այնքան արդյունավետ է եղել իրենց համակարգերում, որքան Հատուկ քննչական ծառայությունում է: Հակակոռուպցիոն ռազմավարության ներդրումը հանգեցրել է մեր ծառայության նկատմամբ վստահության բարձրացմանը, թե՛ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց և թե՛ մեր երկրի մյուս քաղաքացիների մոտ: Հանգամանքների բերումով մեր Ծառայության տեսադաշտում հայտնված անմեղ ոչ մի պաշտոնատար անձ կամ շարքային քաղաքացի չպետք է անհանգիստ լինի, քանզի Հատուկ քննչական ծառայությունում երաշխավորված է լրիվ, բազմակողմանի ու անաչառ քննության կատարումը,- իր ելույթի խոսքում նշեց Վահրամ Շահինյանը և շարունակելով՝ ասաց,- Ծառայության 2014թ-ի ձեռքբերումների մասին խոսելիս պետք է առանձնահատուկ ընդգծել առանձին հանցատեսակների քննության մեջ մասնագիտացված կառուցվածքային երեք նոր ստորաբաժանումների` Կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության, Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության և Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության կազմավորումն ու դրանց կայացման փաստը: Առանձին խումբ հանցագործությունների քննության վարչությունների ստեղծման հիմնական նպատակը կոնկրետ բնույթի հանցագործություններ քննող քննիչների մասնագիտացումն է, ինչը հանգեցնելու է այդ փաստերով հարուցված քրեական գործերի նախաքննության որակի նշաձողը անհամեմատ ավելի բարձր մակարդակի հասցնելուն: Վարչությունների ստեղծման գաղափարի հիմքում ընկած է նաև միջազգային հանրության պահանջն ու եվրոպական երկրների բազմամյա դրական փորձի ուսումնասիրությունը: Պետք է արձանագրել, որ նոր մասնագիտացված վարչությունների ստեղծմամբ ուժեղացել է քննիչների նկատմամբ գերատեսչական վերահսկողությունը, անհամեմատ բարելավվել է նրանց աշխատանքային ու կատարողական կարգապահությունը, և որ ամենակարևորն է, կատարելագործվել քննչական աշխատանքի կազմակերպման գործառույթը:

Հատուկ քննչական ծառայության պետը իրենց ձեռբերումները կապեց նաև գործընկեր կառույցների հետ ակտիվ համագործակցությամբ:

– Հատուկ քննչական ծառայությունը միայն նախաքննություն իրականացնող մարմին է և մեր շատ ձեռքբերումներ չէին լինի, եթե մեր կողքին չլինեին օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ՀՀ ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության մեր գործընկերները, ինչպես նաև նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազները: Կարծում եմ, որ 2015թ-ին իրավապահ հիշյալ կառույցների ու նորաստեղծ Քննչական կոմիտեի հետ մեր համագործակցությունը շարունակվելու է:

Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանն իր ելույթը եզրափակեց՝ նախանշելով 2015թ. իրականացվելիք ծրագրերը:

Լուսանկարը՝ investigatory.am

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել