2014թ. բռնագանձումների ծավալը գերազանցել է 37 մլրդ դրամը. Հարկադիր կատարման ծառայություն

Հունվարի 23-ին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի է ունեցել ընդլայնված կազմով խորհրդակցություն, որը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել և ամփոփվել են ԴԱՀԿ ծառայության 2014 թվականի գործունեության արդյունքները: Ըստ օրակարգի՝ ներկայացվել են հարկադիր կատարողների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների և ավարտների վերաբերյալ զեկույցները։ Այս մասին հաղորդում է ՀՀ Հարկադիր կատարման ծառայության տեղեկատվական բաժինը:
2014 թվականին բռնագանձումների և վերականգնումների ծավալը գերազանցել է 37 մլրդ  դրամի սահմանագիծը: Հարուցվել է 480.075 կատարողական վարույթ՝ նախորդ տարվա  123.228-ի դիմաց։ Հարուցված կատարողական վարույթներով հաշվետու տարում պահանջատերերի օգտին բռնագանձվել և վերականգնվել է 37.923.190.630 դրամ՝ նախորդ տարվա բռնագանձված և վերականգնված 20.079.203.874 դրամ գումարի դիմաց, մասնավորապես՝ պետական բյուջեի օգտին՝ 21.754.520.067 դրամ՝ նախորդ տարվա 3.459.065.305 դրամ գումարի դիմաց, իրավաբանական անձանց օգտին՝ 8.938.935.561 դրամ՝ նախորդ տարվա 10.061.321.526 դրամ գումարի դիմաց, ֆիզիկական անձանց օգտին՝ 1.614.761.980  դրամ՝ նախորդ տարվա 2.821.158.004 դրամ գումարի դիմաց: Ոչ գույքային բնույթներով հարուցվել և ընթացք է տրվել 24.424 կատարողական վարույթի՝ նախորդ տարվա 21.657-ի  փոխարեն: Ավարտված և կարճված կատարողական վարույթների քանակը 2014 թվականին կազմել է 352.614 կատարողական վարույթ՝  նախորդ տարվա 119.098-ի փոխարեն:
Ի թիվս օրակարգում ընդգրկված այլ հարցերի՝ խորհրդակցության ընթացքում զեկուցվել են ինչպես Ծառայության 2014 թվականին ունեցած ձեռքբերումների, այնպես էլ՝ բացթողումների ու թերացումների մասին: Վերջինների լուծման առնչությամբ տրվել են համապատասխան հանձնարարականներ:
Խորհրդակցությունն ընդմիջվել է ԴԱՀԿ ծառայության 2014 թ. գործունեության վերաբերյալ ՀՀ գլխավար հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի ամփոփիչ մամուլի ասուլիսով:
Այնուհետև, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամաններով 2014 թվականին  կատարված աշխատանքների արդյունքով ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու համար ԴԱՀԿ ապահովող ծառայության 85 աշխատակից արժանացել են տարբեր խրախուսումների:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի  հրամանով “ԴԱՀԿ ապահովող ծառայության կենտրոնական  մարմնի լավագույն բաժին” և “ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևան քաղաքի և մարզային բաժինների լավագույն  բաժին” փոխանցիկ մրցանակները, որոնք սահմանվել են  երկու տարի առաջ և ամենամյա բնույթ են կրում, 2014 թվականին  կատարված աշխատանքների արդյունքով ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը նշված մրցանակները համապատասխանաբար հանձնել է ԴԱՀԿ ծառայության Ընդհանուր բաժնին և Երևան քաղաքի վարչական ակտերով բռնագանձումների բաժնին:

Լուսանկարը՝ harkadir.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել