ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի մրցույթ. փուչիկ, որը պայթեց  

2014թ. հոկտեմբերի 8-ին հայտնի դարձավ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչված անձանց անունները:

Մրցույթային հանձնաժողովի կազմում հասարակ իրավաբաններ չեն, այլ արդարադատության բնագավառի պետական մարմինների և ոչ պետական կազմակերպությունների ղեկավարներ: Այսպես` ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորին ընտրելու գործողությունը վերապահված էր Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին, Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին, ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանին, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին և ՀՀ դատավորների միության նախագահ Հրաչիկ Սարգսյանին:

Չնայած մի շարք ՀԿ-ների ու փաստաբանների դժգոհություններին, այս հանձնաժողովը անցկացրեց մրցույթն ու կազմեց հաղթողների ցանկը: Նրանք էին` Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանը, ՀՀ Գլխավոր դատախազության Միջազգային իրավական կապերի բաժնի պետ Նելիկ Հարությունյանը և միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։ Սահմանված կարգով ցուցակը ներկայացվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ու հաստատվեց, մինչդեռ մեր համոզմամբ այն պետք էր մերժել, ինչի մասին արդեն գրել ենք:

Ինչևէ, այս գործընթացից հետո 2014թ. դեկտեմբերին թեկնածուները ԱԳՆ-ից ստացան Ստրասբուրգում հարցազրույցի օրվա նշանակման մասին վկայող նամակը, չնայած որ ցուցակին կողմ արտահայտվողները վստահ էին, որ այսպիսով հաստավել է այն, սակայն ընդդիմախոսները հակառակ կարծիքին էին: Փաստորեն, վերջիններս ճիշտ դուրս եկան:

Ինչո՞ւ են իրավական համակարգի պաշտոնյաները երկրորդականը գերադասել առաջնայինից

Հունվարի 12-ին Գյումրի քաղաքում հայ ընտանիքի դաժան սպանության դեպքը ողողել էր ողջ լրատվական դաշտը, մարդկանց ուշադրությունը դեպի Գյումրի էր: Երեկոյան ժամերին ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջում զետեղվեց հրամանագիր, որով ուժը կորցրած էր ճանաչվում մրցույթում հաղթաց անձանց ցուցակը հաստատող ՆՀ-543-Ա հրամանագիրը:

Այնուհետև ԱԳՆ-ից Իրավաբան.net-ին պարզաբանեցին, որ նախարարությունը ստացել է ՀՀ կողմից հայցված ԵԽ նախարարների կոմիտեի խորհրդատվական խմբի 2014թ. դեկտեմբերի 22-ի կարծիքը, ըստ որի` ՄԻԵԴ-ում դատավորի թափուր տեղի համար ՀՀ կողմից ներկայացված թեկնածուներից մեկը ոչ ամբողջովին է համապատասխանում «ճանաչված իրազեկ իրավագետ» լինելու չափանիշին:

Հունվարի 20-ին Արդարդատության նախարարությունը հստակեցրեց, որ «ճանաչված իրազեկ իրավագետ»-ը իրականում Հանձնաժողովի կողմից սեռերի ներկայացվածության սկզբունքի կիրառման արդյունքում թեկնածուների ցուցակում ընդգրկված Նելիկ Հարությունյանն է:

Սակայն, ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորին ընտրելիս հանձնաժողովի անդամները, ըստ նախագահի 2014թ. օգոստոսի 02-ի ՆՀ- 199 -Ն հրամանագրի հավելվածի` պետք է համադրեին թեկնածուների համապատասխանությունը 1950 թվականի նոյեմբերի 4-ի «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 21-րդ հոդվածի 1-ին մասի և 23-րդ հոդվածի 2-րդ մասի, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 2012 թվականի մարտի 28-ի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնի համար թեկնածուների ընտրության մասին» թիվ CM(2012)40 ուղեցույցի, ինչպես նաև այլ վերաբերելի փաստաթղթերի պահանջներին:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 21-րդ հոդվածի 1-ին մասը հստակ սահմանում է` «Դատավորները պետք է ունենան բարոյական բարձր նկարագիր և բավարարեն դատական բարձր պաշտոններում նշանակվելիս ներկայացվող պահանջները կամ լինեն ճանաչված իրազեկ իրավագետներ», իսկ CM(2012)40 ուղեցույցի երկրորդ հոդվածի 8-րդ մասում խոսքը գնում է սեռերի հարաբերակցության մասին:

Ստացվում է, որ իր գործողություններն իրականացնելիս հանձնաժողովը չի առաջնորդվել առաջին և հիմնական պահանջով, այն է` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 21-րդ հոդվածի 1-ին մասով: Տվյալ պարագայում արդեն երկրորդական և երրորդական է դառնում Հանձնաժողովի կողմից սեռերի ներկայացվածության սկզբունքը, որի վրա փորձում են սխալը բարդել պաշտոնյաները:

Իսկ Նելիկ Հարությունյանը հանկարծ դարձավ ոչ այնքան «ճանաչված իրազեկ իրավագետ»

Ըստ պաշտոնական հաղորդագրության` Նելիկ Հարությունյանի ընդգրկումը ցուցակում պատճառ է դարձել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի ընտրության համար թեկնածուների վերաբերյալ փորձագետների խորհրդատվական խումբը բացասական կարծիք հայտնի: Նախ նշենք, որ ըստ դատախազության կողմից հոկտեմբերին մեզ տրամադրած կենսագրության` Նելիկ Հարությունյանը Մարդու իրավունքների բնագավառում կատարած գործունեության ոլորտում ունի 17 տարվա փորձ:

Այս ամենով հանդերձ, հարկ ենք համարում հիշեցնել, որ ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի ընտրությունն առաջին անգամ չէ, որ անցկացվում է: Չնայած, որ ի սկզբանե այս պաշտոնը զբաղեցրել է Ալվինա Գյուլումյանը, սակայն մրցույթ անցկացվել է 2003 թ.-ին և 2007 թ.-ին:

2007 թվականին թեկնածուներն են եղել Ալվինա Գյուլումյանը, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, արդարադատության նախկին փոխնախարար Գեւորգ Կոստանյանը (ՀՀ ներկայիս գլխավոր դատախազը), ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազության միջազգային իրավական կապերի բաժնի պետ Նելիկ Հարությունյանը:

Ուշագրավն այն է, որ 2007 թվականին Նելիկ Հարությունը մասնակցել է քվեարկությանը, ԵԽԽՎ 190 պատվիրակներից նրա օգտիվ ավելի շատ ձայներ են տվել, քան Գևորգ Կոստանյանի: Նա հավաքել էր 13 ձայնը, ներկայիս գլխավոր դատախազը` 9, սակայն ձայների ճնշող մեծամասնությամբ (148) հաղթող է ճանաչվել Ալվինա Գյուլումյանը:

Առաջանում է հետևյալ հարցը` ի՞նչ փոխվեց այս 7 տարիների ընթացքում, որ արդյունքում Նելիկ Հարությունյանի թեկնածությունը չհամապատասխանեց «ճանաչված իրազեկ իրավագետ» չափանիշին, եթե նախկինում այս խնդիրը չի առաջացել:

Եզրահանգումներ

Մեր համոզմամբ` այս ողջ պատմության մեջ երկու կարևոր հանգամանքներ կան, որոնք ըստ էության իրար հակասում են.

  1. ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի ընտրության մրցույթային հանձնաժողովը չի տարբերակել առաջնայինը երկրորդականից, ինչի արդյունքում ցուցակում ընդգրկել է «ճանաչված իրազեկ իրավագետ»-ի չափանիշին չհամապատասխանող անձի (ըստ պաշտոնական մեկնաբանության),
  2. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի ընտրության համար թեկնածուների վերաբերյալ փորձագետների խորհրդատվական խմբի կարծիքում հակասող դրույթ կա, հանձինս այն հանգամանքին, որ նախկինում մրցույթին մասնակցած անձը, ներկայումս համարվում է ոչ «ճանաչված իրազեկ իրավագետ»:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ի սկզբանե պաշտոնական աղբյուրները տվել են ոչ ճշգրիտ, տարակարծությունների հիմք հանդիսացող և չհիմնավորված մեկնաբանություններ, գտնում ենք, որ փորձագետների խորհրդատվական խմբի կարծիքը հարկավոր է ամբողջական տեսքով մատուցել հասարակությանը:

Գևորգ Թոսունյան

Նշյալ հրապարակումը ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի մրցույթի մասին Իրավաբան.net կողմից պատրաստած երկրորդ հոդվածն է: Առաջինին կարող եք ծանոթանալ հետևյալ հղման միջոցով` 13 հազար եվրո ամսական ու ՀՀ նախագահի խախտված հրամանագիրը

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ