Նախկին զինդատախազը մեկնաբանում է Գյումրու սպանության գործը

ՀՀ ԱԺ պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը գտնում է, որ հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանության գործի նախաքննությունը պետք է վարեն ՀՀ իրավապահ մարմինները.

«Վալերի Պերմյակովը ձերբակալվել է սահմանապահ զորքերի հսկողության տարածքում ռուսական իրավապահ մարմինների կողմից: Ինչ վերաբերում է սպանության գործին, այդ գործը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազային առնչվող իրավական հարցերը կարգավորող համաձայնագրի 4-րդ հոդվածի պետք է քննվի ՀՀ իրավապահ մարմինների կողմից, այսինքն` նախաքննությունը պետք է վարեն Քննչական կոմիտե զինվորական վարչության քննիչները»,- ասաց պատգամավորը` միաժամանակ նշելով. «Այստեղ ծագում է Պերմյակովին հանձնելու հարցը, հանձման խնդիրը չի կարող բարձրացվել, քանի որ նա ՌԴ քաղաքացի է և ձերբակալվել է ռուսական իրավապահ մարմիններին կողմից, գտնվում է ռուսական իրավապահ մարմինների հսկողության ներքո: Քանի որ թե՛ բազայում, և թե՛ սահմանապահ հսկողության տարածքում գործում է ռուսական օրենսդրությունը, հետևաբար` Պերմյակովը ՌԴ Սահմանադրության համաձայն չի կարող հանձնվել ՀՀ իրավապահ մարմիններին: Բայց դա չի նշանակում, որ նա չի ենթարկվելու քրեական պատասխանատվության Գյումրի քաղաքում ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության համար»:

Պարոն Ջհանգիրյանը նաև նշեց, որ նախաքննության մի մասը պետք է իրականացնեն ՀՀ իրավապահ մարմինները, մյուս մասը` զենքով փախուստը պահակային ծառայությունից, ՌԴ սահմանապահ զորքերի իրավապահ մարմինները:

Այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք այս գործն ամբողջության հանձնել ռուս իրավապահներին, նա պատասխանեց. «Համաձայնագրի 6-րդ հոդվածով` կողմերը` Հայաստանն ու Ռուսաստանը կարող են դիմել միմյանց այդպիսի փոխանցում կատարելու միջնորդությամբ, բայց ՀՀ տարածքում, այլ երկրի դատավարական գործողություններ, այդ երկրի դատավարության օրենսդրությամբ, իրավապահ մարմինների` քննիչների, հետաքննիչների կողմից չի կարող կատարվել: Ուստի եթե գործը հանձնվի ՌԴ սահմանապահ զորքերի նախաքննությանը, ամեն դեպքում այն քննչական գործողությունները, որոնք պետք է կատարվեն ՀՀ տարածքում, ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ, պետք է կատարվեն Հայաստանի իրավապահների կողմից»:

Գագիկ Ջհանգիրյանի խոսքերով` բոլոր դեպքերում էլ Պերմյակովի դատաքննությունը պետք է իրականացվի ռուսական զինվորական դատարանի կողմից. «Եթե նույնիսկ Պերմյակովը ձերբակալվեր հայերի կողմից ու կալանավորվեր մեր իրավապահ մարմինների միջնորդությամբ` ՀՀ իրավասու դատարանի որոշման հիման վրա, գործի նախաքննության ավարտից հետո, համաձայնագրով, պետք է գործը հանձնվի ռուսական զինվորական դատարանի իրավասությանը»:

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել