«Այս ամենն, ի սկզբանե, մի մեծ սուտ է եղել». ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի ընտրության մրցույթի մասին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել` ուժը կորցրած ճանաչելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի հոկտեմբերի 13-ի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը հաստատելու մասին» ՆՀ-543-Ա հրամանագիրը»:

Այս առնչությամբ Իրավաբան.net-ը զրուցեց «Իրավունքի Եվրոպա միավորման» նախագահ Լուսինե Հակոբյանի հետ: Այս կազմակերպությունը ի սկզբանե մի շարք հայտարարություններով է հանդես եկել` դատապարտելով մրցույթի անցկացման ընթացքը, ինչպես նաև զեկույց է պատրաստել դրա վերաբերյալ` ներկայացնելով Եվրոպայի խորհրդի համապատասխան մարմիններին:

«Նախագահի հրամանագրում նշվում է, որ ցուցակում ընդգրկված անձիք չեն համապատասխանում Կոնվենցիայի 21-րդ հոդվածի չափանիշներին, այդ թվում` հայտնի, իրազեկ իրավաբան դիմումի չափանիշին»,- փոխանցեց տիկին Հակոբյանը: Հիշեցնենք` անձիք երեքն են Արմեն Հարությունյան, Արայիկ Ղազարյան և Նելիկ Հարությունյան:

Մինչ այս Արտաքին գործերի նախարարությունից թեկնածուներին նամակով տեղեկացրել էին, որ հունվարի 16-ին Ստրասբուրգում նրանց հետ հարցազրույց կանցկացվի, այս առնչությամբ Լուսինե Հակոբյանը ասաց. «Հարցազրույցի օր նշանակված չի եղել, մենք հարցում ենք արել Եվրախորհրդի իրավական հարցերի և մարդու իրավունքների կոմիտեի քարտուղարություն, պատասխան ենք ստացել, որ պետությունը ցուցակը չի ներկայացրել, եթե պետությունը ցուցակը չի ներկայացրել որևէ հարցազրույց չի կարող նշանակված լինել: Այս ամենն, ի սկզբանե, մի մեծ սուտ է եղել»:

«Իրավունքի Եվրոպա միավորման» նախագահը նաև ընդգծեց, որ դեռևս երկու օր առաջ, երբ հայտնի դարձավ, որ հարցազրույց օրը հետաձգվում է, ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամներն ասում էին, որ ոչ մի արտառոց բան չկա դրա մեջ. «Շատ զարմանալի է, որ պետության պաշտոնատար անձիք այսպես հետևողականորեն հանրությանն ապակողմնորոշել են»,- փոխանցեց տիկին Հակոբյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել