Հայաստա՞նը, թե՞ Ռուսաստանը, ո՞ր երկրի իրավապահներն են իրավասու քննել Գյումրու սպանդի գործը

Ո՞ր երկիրն է իրավասու քննել հունվարի 12-ին Հայաստանի Հանրապետության տարածքում հայ ընտանիքի 6 անդամների սպանության առթիվ հարուցված քրեական գործը, որում հիմնական կասկածյալը ռուս զինծառայող Վալերի Պերմյանկովն է: Այս հարցը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազային առնչվող իրավական հարցերը կարգավորող համաձայնագրով (այսուհետ՝ Համաձայնագիր), որը ստորագրվել է 1997 թվականի օգոստոսի 29-ին, ուժի մեջ է մտել 2002 թվականի մայիսի 24-ից և գործում է առ այսօր:

Ըստ համաձայնագրի 4-րդ հոդվածի. «Հայաստանի հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի կազմի մեջ մտնող անձանց և նրանց ընտանիքների անդամների կողմից կատարված հանցագործությունների և այլ իրավախախտումների գործերով կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, գործում են նրա իրավասու մարմինները»։

Միևնույն ժամանակ, փաստաթղթում նկատում ենք, որ Համաձայնագրի 4-րդ հոդվածով նախատեսված կարգը չի կիրառվում ռուսաստանյան ռազմական բազայի կազմի մեջ մտնող անձանց և նրանց ընտանիքների անդամների կողմից կատարված հանցագործությունների և այլ իրավախախտումների նկատմամբ, որոնք կատարվել են`

1. ռուսաստանյան ռազմական բազայի տեղակայման կետերի տարածքում,
2. Ռուսաստանի Դաշնության կամ ռուսաստանյան ռազմական բազայի կազմի մեջ մտնող անձանց և նրանց ընտանիքների անդամների դեմ,
3. զինվորական հանցագործությունների գործերով:

Սույն հոդվածով նախատեսված գործերով կիրառվում է Ռուսաստանի Դաշնության օրենսդրությունը, գործում են նրա իրավասու մարմինները։» Ինչպես տեսնում ենք, վերը նշված բացառություննները վերաբերելի չեն Գյումրիում տեղի ունեցած հանցագործության հետ:

Հարկ է նկատել, որ Համաձայնագրի 5-րդ հոդվածի դրույթները տարածվում են այն հանցագործությունների վրա, որոնք կատարվել են անհայտ անձանց կողմից ռուսաստանյան ռազմական բազայի տեղակայման կետերի տարածքում։ Հանցագործությունը կատարած անձանց որոշելիս գործում է հիշյալ Համաձայնագրով սահմանված կարգը։

Իսկ համաձայնագրի 6-րդ հոդվածը վկայում է. «Անձանց խմբին մեկ կամ մի քանի հանցագործությունների իրագործման մեջ մեղադրելու պարագայում, եթե մեղադրյալներից թեկուզ մեկի հանդեպ գործը գտնվում է Հայաստանի Հանրապետության իրավասության ներքո, ապա բոլոր մեղադրյալների հանդեպ գործը դիտարկվում է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից: Ռուսական ռազմական բազայի կազմում ընդգրված անձանց և այս անձանց հարազատների հանդեպ գործերը, ըստ Կողմերի իրավասու մարմինների միջև համաձայնության, առանձնացվում են առանձին վարույթում և փոխանցվում են Ռուսական կողմին: Կողմերի իրավասու մարմինները կարող են նաև այլ դեպքերում դիմել միմյանց՝ քրեական հետապնդման փոխանցման միջնորդությամբ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել