Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Վկային ժամերով սոված են պահել, նա ստիպված սուտ ցուցմունք է տվել. դատական դեպարտամենտի նախկին ղեկավարի գործը

Միսակ Մարտիրոսյանի և մյուսների գործով այսօրվա նիստին Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարան էր ներկայացել վկաներից միայն մեկը` Ռուբեն Հովսեփյանը:

Նա դատարանում ցուցմունք տալով` ասաց, որ դատական դեպարտամենտում ազատ հաստիքի մասին իմացել է իր հարևանից: 2010թ.-ին ներկայացել է դատական դեպարտամենտ և աշխատանքի համար համաձայնության եկել: Վկան հաղորդեց, որ դիմում հանձնելուց հետո իրեն տրամադրել են բանկային քարտ և տևական ժամանակ անց հրավիրել աշխատանքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն ինքը հրաժարվել է, քանի որ այլ աշխատանքի է տեղավորվել:

Ռուբեն Հովսեփյանը նաև հաղորդեց, որ նշյալ բանկային քարտից կանխիկացրել է 30 հազար ՀՀ դրամի չափով գումար, դատավորի այն հարցին, թե չի հետաքրքրվել՝ այդ ի՞նչ գումար է քարտի վրա, նա պատասխանեց. «Ես ո՞ւմ գիտեի, որ իրանից էլ ճշտեի»:

Հարցաքննության ընթացքում դատավորը հակասություններ տեսավ վկային նախաքննական և դատաքննական ցուցմունքներում, հրապարակվեց վկայի նախաքննական ցուցմունքը: Դատարանում Ռուբեն Հովսեփյանը ասել էր, որ տեղյակ չի եղել, թե ինչքան ժամանակ է գրանցված եղել` որպես դատական կարգադրիչ, սակայն նախաքննական ցուցմունքում հակառակ պատկերն էր` նա քննիչին փոխանցել էր, որ իրեն ասել են, թե շուրջ 2.5 տարի աշխատանքի է ընդունված եղել, սակայն չի այցելել աշխատավայր:

Նախաքննական ցուցմունքի հրապարակման ընթացքում վկան հայտարարեց, որ ցուցմունքը թելադրված է քննիչների կողմից:

Հիշեցնենք, որ Միսակ Մարտիրոսյանի և մյուսների գործը քննվել է ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում, 2014թ. հուլիսի 23-ին գործը ստացվել է դատարան:

Վկան պատմեց, որ քննիչներն իրեն առավոտյան ժամը 9-ից մինչև երեկոյան 19:00-ն պահել են բաժնում. «Արդեն հոգնել էի, սոված-ծարավ ամբողջ օրը ընդեղ էի, ասի` ինչ ասում են, գրեմ-գնամ»,- նշեց նա` հավելելով, որ ամբողջ ցուցմունքն թելադրված է: Դատավորը հետաքրվեց, թե արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ է ցուցմունքի այն դրվագները, որտեղ հիշատակվել է Դատական դեպարտամենտի ղեկավարի պետի նախկին տեղակալ Գեղամ Գրիգորյանի անունը, վկան պատասխանեց, որ այդ ամենը սուտ է. «Ոնց ասել են, էտ էլ գրել եմ, երբ որ Գեղամին չեմ ճանաչել, ո՞նց կարամ իրա անունը տամ»,- շեշտեց Ռուբեն Հովսեփյանը:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել