«Երեխային հաշմանդամության կարգ տալու համար կաշառք են ուզել»

«Զարթոնք 89» հասարակական կազմակերպության նախագահ Սիլվա Վարդանյանի խոսքերով` ՀՀ 2015-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարության նախագծում հարկավոր է ընդգրկել սոցիալական ոլորտը. «Սա կարևոր ոլորտ է, այն չպետք է անուշադրության մատնել, այստեղ առկա են կոռուպցիոն լուրջ ռիսկեր»,- փոխանցեց տիկին Վարդանյանը:

ՀՀ 2015-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը հաստատելու է խորհուրդը, որում ընդամենը 2 տեղ է հատկացված ՀԿ ներկայացուցիչներին, Սիլվա Վարդանյանի խոսքերով` հարկավոր է ընդլայնել ՀԿ-ների ներգրավվածությունը, հակառակ դեպքում այն ձևական բնույթ կկրի. «Այդ պարագայում, ՀԿ-ները ինչ առաջարկեն չի անցնի: Կունենանք նույն վիճակն, ինչ Ազգային ժողովում, ընդդիմադիրները քիչ են, ինչ օրենք մտցնում են չի անցնում, բնականաբար, եթե մեծամասնությունը կազմում են իշխանության ներկայացուցիչները, չեն անցնի ՀԿ-ների առաջարկները, պետք է հակակշիռ լինի»,- եզրահանգեց ՀԿ ղեկավարը:

«Աստղիկ» հաշմանդամ երեխաների ասոցիացիայի նախագահ Լևոն Ներսիսյանի խոսքերով` հասարակությունը պետք է հասկանա, որ առանց կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի անհնար է ունենալ զարգացող պետություն. «Մեր կազմակերպություն նաև դիմում են շատ ծնողներ, որոնք ասում են, թե երեխային հաշմանդամության կարգ տալու համար կաշառք են ուզել: Երբ խնդրում ենք կոնկրետ ասել` ի՞նչը, որտե՞ղ, ո՞վ և այլն, ոչ ոք փաստը չի բերում: Այստեղ կան խնդիրներ, որոնք պետք է վերացնել: Միգուցե ծնողները շատ բաներ են նկատում այդ վայրեում, սակայն բացահայտ չեն խոսում, որովհետև իրենց երեխաների ճակատագիրը անմիջապես կապված է այն միջավայրի հետ, որտեղ նրանք այցելում են»,- ասաց պարոն Ներսիսյանը:

Անդրադառնալով թիրախային ոլորտներին նա նշեց, որ կոռուպցիոն ոչ թե ոլորտային, այլ համակարգային հիվանդություն է. «Պետք է ընդգրկել նաև սոցիալական ոլորտը, քաղաքաշինության ոլորտը, որտեղ ավելի ակնհայտ են այդ կոռուպցիոն երևույթները»,- ընդգծեց ասոցիացիայի նախագահը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել