Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Միջադեպ Դատական դեպարտամենտի նախկին ղեկավարի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ միջադեպ Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի և մյուսների գործով նիստին: Լարված մթնոլորտում ընթանում էր վկաներից Գայանե Ստեփանյանի հարցաքննությունը:

Վկան տեղեկացրեց, որ ամբաստանյալներից միայն երկուսին է ճանաչում Գագիկ Խաչատրյանին և Գեղամ Գրիգորյանին: Նա ցանկացել է Դատական դեպարտամենտում աշխատանքի տեղավորել իր աղջկան, ով մասնագիտությամբ հոգեբան-մանկավարժ է: Գայանե Ստեփանյանը ծանոթացել է Գեղամ Գրիգորյանի հետ, ով զբաղեցրել է ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը: Վկան նրան փոխանցել է համապատասխան փաստաթղթերը, սակայն որոշ ժամանակ անց իմացել է, որ դատական կարգադրիչի թափուր հաստիք առկա է միայն մարզային դատարաններից մեկում. «Խնդրեցի, որ եթե հնարավոր է քաղաքում աշխատանքի տեղավորեն, հակառակ դեպքում չընդունվի, ասացին, որ սպասեմ: Մի որոշ ժամանակ անց ազատման դիմում դուստրս գրեց: Ամեն ինչ Գրիգորյանի հետ եմ արել»,- պատմեց վկան:

Գեղամ Գրիգորյանի փաստաբանը` Տիգրան Աթանեսյանը հետաքրքրվեց, թե ինչպես է վկան ծանոթացել Գեղամ Գրիգորյանի հետ, վկան հաղորդեց, որ աշխատում է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում, Գ. Գրիգորյանին հանդիպել է աշխատավայրում` դժվարանալով մանրամասներ հիշել:

Վկան նաև հաղորդեց, որ Գեղամ Գրիգորյանը եկել է և իրենից վերցնել աշխատանքի համար պահանջվող փաստաթղթերը. «Տիկին, այս մարդը ծառայության ղեկավարի առաջին տեղակալն է, ոչ թե ցրիչ, որ Ձեզնից փաստաթուղթ վերցնի»,- ասաց փաստաբանը: Նա նաև հետաքրքրվեց, թե ինչ վաղեմությամբ է վկան ճանաչում գործով ամբաստանյալ, դեպարտամենտի պետի տեղակալ Գագիկ Խաչատրյանին, վկան պատասխանեց, որ ամբաստանյալն իր վաղեմի ծանոթն է, նրան գիտի մինչ Գեղամ Գրիգորյանի հետ ծանոթանալը, սակայն չհիշեց, թե ինչ պաշտոն է զբաղեցրել ծառայությունում:

Վկայի ցուցմունքից հետո Տիգրան Աթանեսյանը նշեց, որ առկա են հակասությունները, նաև խնդրեց հրապարակել Գեղամ Գրիգորյանի և Գայանե Ստեփանյանի առերեսման դրվագից մի հատված, որտեղ ամբաստանյալը հարց է ուղղում վկային` վերջինիս և Գագիկ Խաչատրյանի փոխհարաբերության վերաբերյալ: Դատավորն հստակեցնելու համար հետաքրքրվեց վկայից, թե առերեսման ժամանակ ի՞նչ ցուցմունքներ է տվել իր և Գագիկ Խաչատրյանի հարաբերությունների վերաբերյալ, վկան պատասխանց, որ միայն ճանաչում է նրան. «Հարց կար իմ պաշտպանյալի կողմից ուղղված»,- ասաց փաստաբանը, վկան նշեց, որ այդ հարցադրումն իրականությանը չի համապատասխանում, Տիգրան Աթանեսյանը հրապարակեց հարցը. «Խոսքը գնում էր այն մասին, թե Ձեր դստեր հայրը հանդիսանո՞ւմ է արդյոք Գագիկ Խաչատրյանը», այս արտահայտությունը զայրացրեց Գագիկ Խաչատրյանին, նա աղմկեց, որի արդյունքում հնչեցին փողադարձ վիրավորանքներ:

Դատավորը հանդարտեցրեց կրքերը, Գագիկ Խաչատրյանի պաշտպան, փաստաբան Գեղամ Հակոբյանը առարկեց, Տիգրան Աթանեսյանը խնդրեց հանել իր միջնորդությունը:
Այսօր գործով հարցաքննվեցին նաև երկու վկաներ, ովքեր նշեցին, որ փաստաթղթեր են հանձնել աշխատանքի անցնելու համար, սակայն թափուր հաստիք եղել է միայն մարզային դատարաններում, ուստի հրաժարվել են աշխատանքից: Նրանք բոլորը հայտնեցին, որ աշխատավարձ չեն ստացել:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել