Քաղդատ օրենսգիրքը ենթակա է փոփոխման. Տարոն Սիմոնյան

Քաղաքացիական դատավարության օրենսգիրքն ավելի շատ խնդիրներ ունի, քան Քաղաքացիական օրենսգիրքը: Կարծում է «Ի Էլ Էլ գործընկերություն» փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն, ԵՊՀ դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու Տարոն Սիմոնյանը: Նա Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի պաշտոնավարման վերջին տարիներին եղել է այս օրենսգրքի փոփոխության աշխատանքային խմբում: Պարոն Սիմոնյանի խոսքերով` նշյալ օրենսգրքի փոփոխմամբ շահգրգռված էր Արդարդատության նախարարի նախկին տեղակալ Արամ Օրբելյանը, ով ներկայումս Կոնցեռն-Դիալոգ փաստաբանական գրասենյակի ավագ գործընկերն է: Նախարարի և նրա թիմի փոփոխությունից հետո աշխատանքները սառեցվել են, իսկ օրենսգրքի խնդիրները շարունակում են անլուծելի մնալ:

«Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը շատ փոքր է, դրույթները քիչ են և հարաբերությունների մի հսկայական ծավալ կա, որոնք բաց են, կարգավորված չեն»,- նշեց պարոն Սիմոնյանը բերելով մեկ օրինակ. «Հայցադիմումը ներկայացնելու հիմնական պահանջներում օրենսգիրքը նաև նշում է, որ պետք է բոլոր ապացույցները կցվեն հայցադիմումին, նոր ներկայացվի: Պատկերացնում եք` քաղաքացիական դատավարության բոլոր ապացույցները կցվեն, կարող է` գործ լինի, որ 100 հատոր ապացույց պետք է ներկայացվի, եթե այդ 100 հատորից թեկուզ մեկը չներկայացնես, հիմք է հայցը վերադարձնելու համար: Միանշանակ իրավակիրառ պրակտիկայում այդպես չեն վարվում դատավորները, բայց միաժամանակ ստացվում է, որ նրանք չեն առաջնորդվում օրենսգրքի տառացի մեկնաբանությամբ»:

Պարոն Սիմոնյանը նաև նշեց. «Այս բնագավառում փաստաբանները ահռելի մեծ աշխատանք են տարել ` քաղդատավարական պրոցեսը զարգացնելու գործում, բայց իրավական հիմքերը դրանց համար քիչ են, շատ դեպքերում ինչ-որ պահանջ առաջ տանելու համար օգտվում ենք իրավական բացերից կամ էլ դատավորն է օգտվում այդ բացերից` իրեն նպաստավոր վճիռ ստանալու նպատակով, ինչը չի կարելի ասել օրինակ` Քրեական դատավարության կամ Վարչական դատավարության օրենսգրքերի մասին: Աշխատանքային խմբում մենք նոր օրենսգրքով ավելի խորն ենք կարգավորել ոլորտը, ավելի մանրամասն լուծումներ են տրվել խնդիրներին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել