2015թ. հունվարի 1-ից ՀՀ քաղաքացիները Ռուսաստանում աշխատանքի թույլտվության փոխարեն ստանալու են պատենտ

Ռուսաստանի Դաշնության Պետական դուման փոփոխություններ է կատարել «Օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» օրենքում, որի համաձայն վիզային ռեժիմ չունեցող պետություններից ժամանած օտարերկրյա քաղաքացիները 2015թ. հունվարի 1-ից իրավաբանական անձանց մոտ աշխատանքի համար ստանալու են պատենտներ: Այսպիսով, վերանալու է մի քանի տարի գործող քվոտային համակարգը, որը առնչվում է նաև Հայաստանի քաղաքացիներին:

Մյուս տարվանից, նոր կանոններին համաձայն, աշխատանքի թույլտվությունները ստանալու են միայն օտարերկրյա քաղաքացիները, որոնք ժամանել են վիզա պահանջող կարգով, իսկ մյուս բոլոր այլ օտարերկրացիները, որոնց Ռուսաստան ժամանելու համար վիզա պետք չէ կարող են ստանալ պատենտներ և դրանցով աշխատել ընկերություններում: Դրա հետ մեկտեղ, անհրաժեշտ է առանձին-առանձին ստանալ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց մոտ աշխատանքի համար պատենտներ:

Բացի այդ, նոր օրենքում ամրագրված է, որ նոր փաստաթղթի ձեռք բերման դեպքում կարիք չկա լքել ՌԴ տարածքը մուտքի օրվանից մեկ տարի անց: Օտարերկրյա քաղաքացին կարող է 2015թ. հունվարի 1-ից հետո ստացված իր պատենտի մեկ տարվա ժամկետը լրանալուն պես երկարացնել այն ևս մեկ տարով, սակայն երկրորդ տարվա լրանալուց հետո ՌԴ տարածքը լքելու անհրաժեշտություն այնուամենայնիվ կառաջանա:

Պատենտ ստանալու համար հայտը անհրաժեշտ է ներկայացնել Ռուսաստան ժամանելու պահից եռեսնօրյա ժամկետում: Այդ ժամկետը խախտելու դեպքում օտարերկրացին ստիպված կլինի վճարել տուգանք 10-ից 15 հազար ռուբլու չափով և դրանից հետո միայն դիմել պատենտ ստանալու համար:

Anna photo (1)Պատենտի համար դիմողը պետք է ներկայացնի դիմում, անձնագիր (2015թ. հունվարի 1-ից հետո միայն օտարերկրյա անձնագիր), «ԱՇԽԱՏԱՆՔ» նշումով միգրացիոն քարտ, թմրամոլության և վարակիչ հիվանդությունների բացակայության մասին տեղեկանք, մեկ տարով կամավոր բժշկական ապահովագրության պոլիս, ռուսերենի, Ռուսաստանի պատմության և ՌԴ օրենսդրության հիմունքների իմացության մասին վկայական, հաշվառման մասին փաստաթուղթ:

Պատենտը կամ նրա տրամադրման մասին մերժման որոշումը օտարերկրյա քաղաքացին կստանա դիմելու օրվանից տաս աշխատանքային օրվա ընթացքում: Այն տրամադրվում է մեկ ամսից սկսած ժամկետով և կարող է մի քանի անգամ երկարացվել առանց միգրացիոն ծառայություն դիմելու` եկամտահարկ վճարելու միջոցով, սակայն ընդհանուր ժամկետը չի կարող գերազանցել մեկ տարին: Պատենտը գործում է միայն ՌԴ այն սուբյեկտի տարածքում, որում տրամադրվել է:

Աննա Ավանեսյան
Իրավագիտության մագիստրոս, Սանկտ Պետերբուրգ
Լուսանկարը` Աննա Ավանեսյանի անձնական արխիվից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել