Օրենսդրական փոփոխություններն ունեն սկիզբ, բայց չունեն ավարտ. Արմեն Հայկյանց

Արդարադատության նախարարությունը մեկնարկել է Քաղաքացիական օրենսգրքի փոփոխության աշխատանքները: ՀՀ Քաղաքացիական օրենսգիրքն ընդունվել է 1998 թվականի մայիսի 5-ին, գործարկման դրվել 1999 թվականի հունվարի 1-ից:

ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Հայկյանցը գտնում է, որ օրենսդրական փոփոխությունները մշտապես պետք է ուղղված լինեն պրակտիկային և շրջանառությանը. «Կյանքը միշտ առաջ է գնում, օրենքները ստատիկ վիճակում են, անընդհատ պետք է օրենքները փոփոխես` համապատասխանեցնելու պրակտիկայի պահանջներին»,- փոխանցեց նա` դրական գնահատելով օրենսգրքի փոփոխման աշխատանքները:

«Քաղաքացիական օրենսգիրքն ընդունումից ի վեր բազմաթիվ փոփոխությունների ու լրացումների է ենթարկվել, բայց մենք հասկացանք, որ հատվածական փոփոխություններն ու լրացումները համակարգային լուծումներ չեն տալիս»,- նշեց մեր զրուցակիցը:

Կուտակված խնդիրները, ըստ պարոն Հայկյանցի, բերեցին նրան, որ անհրաժեշտ է իրականացնել համալիր և համակարգված փոփոխություններ. «Իհարկե, քաղաքացիական օրենսգրքի փոփոխությունից հետո այդ շարժը կանգ չի առնի, այսինքն` այս փոփոխություններով վերջակետ չի դրվել գործընթացին, սա օրենսդրական զարգացման որոշակի փուլ է, հետագա տարիներին գուցե հատվածական և համակարգային փոփոխություններ լինեն, քանի որ օրենսդրական փոփոխություններն ունեն սկիզբ, բայց չունեն ավարտ»,- եզրահանգեց ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել