Ֆինանսական շուկայում նկատվում է կայունացման միտում, որը վստահ եմ՝ շարունակվելու է. ՀՀ Վարչապետ Հ. Աբրահամյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Ինչպես նախապես հաղորդել ենք, բացելով նիստը, վարչապետը հակիրճ անդրադարձել է ֆինանսական շուկայի իրավիճակին. «Երեկ օրվա երկրորդ կեսից և այսօր ֆինանսական շուկայում նկատվում է կայունացման միտում, որը վստահ եմ՝ շարունակվելու է», նշել է Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետը ՀՀ առողջապահության նախարարին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել դեղորայքի շուկայի իրավիճակը, որին հետևելու հանձնարարական են ստացել նաև պատկան մարմինները՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում այդ ոլորտում:
Հաստատելով նիստի օրակարգը, կառավարությունը ձեռնամուխ է եղել հարցերի քննարկմանը:

ՀՀ կառավարությունը հաստատել է սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ 32 համայնքների ցանկը, նշված համայնքներին տրվող սոցիալական աջակցության տրամադրման կարգը: Առաջարկվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին 2015թ. հունվարի 1-ից մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում աջակցություն ստացող համայնքների բնական գազ սպառող բնակիչ-բաժանորդներից մինչև 360 խոր. մետր բնական գազի քանակության վճարումը գանձել հաստատված սակագնից նվազեցված գնով՝ 50 տոկոսի չափով (ներառյալ ԱԱՀ-ն), ընդ որում, գանձվող գնի տարբերության գումարը կփոխհատուցվի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին առաջարկվել է նույն ժամանակահատվածում էլեկտրաէներգիա սպառող բնակիչ-բաժանորդներից մինչև 1440 կՎտ էլեկտրաէներգիայի համար վճարումը գանձել հաստատված սակագնից նվազեցված գնով՝ 50 տոկոսի չափով (ներառյալ ԱԱՀ-ն), ընդ որում, գանձվող գնի տարբերության գումարը կփոխհատուցվի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին:
Որոշման գործողությունը տարածվում է 2015թ. հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
ՀՀ կառավարությունը սահմանել է ՀՀ 2015թ. պետբյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները և բյուջեի կատարումն ապահովող միջոցառումները: Համամասնությունների հիմքում դրվել են ՀՀ կառավարության 2014թ. դեկտեմբերի 4-ի նիստում կառավարության անդամներին ներկայացված սկզբունքները: Որոշման նպատակն է ապահովել պետբյուջեի կատարման կազմակերպումը՝ պետական կառավարման մարմիններին տրվող հանձնարարականների միջոցով: Կառավարության ղեկավարը կառավարության անդամներին, գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է մինչև ս.թ. դեկտեմբերի 25-ը ավարտել պետբյուջեի միջոցների հաշվին իրականացվելիք գնումների, պլանների կազմումը և ներկայացնել ՀՀ ֆինանսների նախարարություն, որտեղից որոշման նախագծի լրամշակված տարբերակը կներկայացվի ՀՀ կառավարության աշխատակազմ:

ՀՀ զինված ուժերի զինծառայողների պատշաճ բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու և այդ նպատակով «բրենդային» դեղորայք ձեռք բերելու համար կառավարությունը ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացրել է մոտ 62 մլն դրամ:
Գործադիրը հաստատել է պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի և պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցների փոփոխության նպատակով ըստ մասնագիտության և տարածքի աշխատանքի շուկայի վերլուծության իրականացման կարգը: Միաժամանակ նախատեսվել է, որ գործատուի կողմից վարձու աշխատողի վերաբերյալ անձնավորված հաշվառման շտեմարան ներկայացվող տվյալներում ավելացվի նաև աշխատողի մասնագիտությունը:
Փոփոխություններ և լրացումներ կատարելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, կառավարությունը երկրի յոթ մարզերում կառուցված ջրամատակարարման, ոռոգման, փողոցային լուսավորության համակարգերը, գազատարները, համայնքային կենտրոնները, մանկապարտեզները, հակակարկտային կայաններն ու այլ օբյեկտները նվիրաբերել է համայնքներին, այնուհետև՝ ոլորտային լիազոր մարմինների ղեկավարությամբ գործող կառույցներին:

ՀՀ կառավարությունը սահմանել է ՀՀ մաքսային սահմանով փոստային կապի ազգային (նշանակված) օպերատորի միջոցով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումով Համաշխարհային փոստային միության իրավական ակտերով սահմանված առաքողի մաքսային հայտարարագրի պարզեցված ձևերը: Դրանց մշակումը պայմանավորված է «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ս.թ. մայիսի 30-ի օրենքի ընդունմամբ:

ՀՀ կառավարությունը որոշել է Արդյունաբերության զարգացման հիմնադրամը և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով Հայաստանի զարգացման հիմնադրամ: Վերջինիս հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ կառավարության, որի լիազորված մարմինն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Հաստատվել է Հայաստանի զարգացման հիմնադրամի կանոնադրությունը, նշանակվել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Որոշման ընդունումը թույլ կտա առավել համակարգված իրականացնել երկրի տնտեսության զարգացմանն ու մրցունակության բարձրացմանն ուղղված ծրագրերը, առավել նպատակային ծախսել ֆինանսական միջոցները:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, որի ընդունմամբ կամրապնդվի ՀՀ ոստիկանության փոխգործակցությունը տնտեսվարող սուբյեկտների հետ, ինչն էլ կնպաստի հանցագործությունների կանխարգելմանը, դրանց արագ արձագանքմանն ու բացահայտմանը: Օրինագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:
Կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Փաստաթղթով նախատեսվում է ՉԺՀ կառավարության կողմից ՀՀ կառավարությանը տրամադրել 60 մլն յուանի անհատույց տեխնիկական օգնություն: Իրականացվելիք կոնկրետ ծրագրի բովանդակությունը կողմերը լրացուցիչ համաձայնեցնելու են:
Նիստի ավարտին կազմվել է կառավարության անդամների` Ամանորին զորամասեր և սահմանամերձ համայնքներ այցելելու ժամանակացույցը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է այդ ավանդույթը շարունակելու անհրաժեշտությունը: «Տարեմուտին փորձենք բոլորս լինել որևէ զորամասում, սահմանամերձ գյուղում: Կարծում եմ՝ դա ճիշտ կլինի նաև բարոյական տեսակետից, երբ կառավարության անդամները, գերատեսչությունների ղեկավարները անպայման այցելեն մեր զինվորներին», – շեշտել է կառավարության ղեկավարը:

Այս և այլ քննարկված հարցերին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ ՀՀ Կառավարության պաշտոնական կայքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել