ՀՀ ԿԲ նախագահի հայտարարությունը «խուճապային իրավիճակի» մասին

ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է.
Ներկայումս դոլարը գերարժևորված է, այսինքն՝ այն արժի ավելին, քան նորմալ պայմաններում կարժենար: Գերարժևորման հիմնական պատճառներն են խուճապային իրավիճակը և որոշ տնտեսվարողների կողմից սպեկուլյացիների իրականացումը 
ՀՀ դրամի իրական գինը հայտնի կլինի գերարժեզրկման պատճառները վերանալուց հետո: Ներկայումս ՀՀ դրամը գերարժեզրկված է և սպեկուլյացիոն ու անհարկի խուճապային իրավիճակը վերանալուց հետո ՀՀ դրամը զգալիորեն կարժևորվի:
ԿԲ-ը զգուշացնում է, որ քաղաքացիների կողմից անհարկի փոխարկումները փոխարժեքի կայունացման ժամանակ կարող են բերել էական կորուստներիՄեր քաղաքացիներին հորդորում ենք զերծ մնալ նման փոխարկումներից,լինել ողջամիտ, ձեռնպահ մնալ փոխարժեքի տատանման վրա գումար աշխատելու գայթակղությունից:  
Կենտրոնական բանկը բազմիցս նշել է և մեկ անգամ ևս հայտարարում է, որ բանկային համակարգում արտարժույթի խնդիր չկա և անհրաժեշտության դեպքում ԿԲ-ն ունի հնարավորություն տրամադրելու անհրաժեշտ ծավալի իրացվելիություն: Նման խուճապով փոխարկումները պարզապես անիմաստ են:
ԿԲ-ն իրավիճակը միշտ պահում է վերահսկելի, տիրապետում է գնաճի զսպման բոլոր հնարավորություններին, իսկ գերնպատակը գների կայունությունն էԳնաճի կարճաժամկետ սպասումների կայունացման և դոլարայնացումը զսպելու համար Կենտրոնական բանկը դեռևս երկու շաբաթ առաջ բարձրացրել է կարճաժամկետ (մեկ օրով տրամադրվող) լոմբարդային վարկերի տոկոսադրույքը մինչև 21 տոկոս: Սա կարճաժամկետ բարձրացում է և հնարավոր է նաև արագ նվազեցնել: Բոլոր հանգամանքները հաշվի առնելուց հետո ԿԲ Խորհուրդը իր որոշումը կկայացնի տոկոսադրույքների մակարդակի և գնաճը իր նպատակին վերադարձնելու արագության և ժամանակի մասին:
Գնաճը վերահսկվում է գրագետ և հստակ քայլերով: Գնային չարաշահումները նույնպես վերահսկվում են: Պղտոր ջրում ձուկ որսալ փորձողները պատժվելու են:
Օգտվելով իրավիճակից, որոշ տնտեսվարողներ հնարավոր է արհեստականորեն բարձրացնեն որոշ ապրանքների գները կամ անգամ գնանշումը անեն արտարժույթով:
Դա օրենսդրության խիստ խախտում է: ՀՀ-ում  դրամական գնանշումները արգելված է  կատարել արտարժույթով: ՀՀ-ում ապրանքների վաճառքի, ծառայությունների մատուցման, աշխատավարձի վճարման գնանշումները պետք է իրականացվեն ՀՀ դրամով (ըստ «Արժութային կարգավորման և վերահսկողության մասին» ՀՀ օրենքի): Սա նշանակում է, որ երբ քաղաքացին ցանկանում էգնել ապրանք կամ օգտվել որևէ ծառայությունից, ապա ապրանք վաճառողը կամ ծառայություն մատուցողը իրավունք չունի պահանջել, որ վճարումը կատարվի արտարժույթով (դոլարով կամ եվրոյով):
Նման չարաշահումներ բացահայտելու դեպքում դիմեք պատկան մարմիններին:
Մենք ունենք հուսալի և կայուն բանկային համակարգ: Բանկային համակարգը կայուն է, բանկերը վճարունակ են և կարող են սպասարկել իրենց բոլոր պարտավորությունները, այդ թվում՝ հանրության բանկային հաշիվները և ավանդները: ՀՀ կենտրոնական բանկը սահմանափակում չի դրել և ոչ մի դեպքում չի դնելու բանկերի վրա՝ հաշիվների և ավանդների սպասարկման կամ այլ ծառայությունների գծով: ՀՀ ԿԲ-ն խստորեն և հետևողականորեն է վերաբերվում այդ հարցին և, այդ դեպքում եթե բացահայտվի, որ բանկերը իրականացնում են որևէ սպեկուլյատիվ գործողություն, այդ թվում՝ հրաժարվում են սպասարկել հաշիվները և ավանդները, կենթարկվեն խստագույն պատասխանատվության:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել