Երևանում հիմնադրվեց Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության գրասենյակը

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը դեկտեմբերի 17-ին  ընդունել է Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության տնօրենների խորհրդի նախագահ   պրոֆեսոր Սպիրիդոն Ֆլոգաիտիսին: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Նախարարը ողջունել է հյուրին՝ շնորհավորելով  Հայաստանում այսօր     Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության գրասենյակի բացման կապակցությամբ: Նա նշել է, որ հանրային իրավունքի ոլորտային փոփոխությունները մեր երկրում ամենադինամիկ զարգացող ուղղություններից են:  Հյուրի խնդրանքով անդրադառնալով Հայաստանում ընթացող սահմանադրական բարեփոխումների գործընթացին՝ Հովհաննես Մանուկյանը  ասել է, որ բարեփոխումների գործընթացը ՀՀ Նախագահի կողմից ձեռնարկվել է՝ ելնելով իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման Սահմանադրության դրույթները կատարելագործելու, իշխանությունների լիարժեք հավասարակշռումն ապահովելու և հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից: Այնուհետեւ նախարարն անդրադարձել է դատաիրավական ոլորտի բարեփոխումներին՝ նշելով, որ ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանում ժամանակակից իրավական պետության չափանիշներին համապատասխանող իրավական համակարգի և  դատական իշխանության ապահովումը:

Պրոֆեսորը   նախարարին  տեղեկացրել է, որ իրենց կազմակերպության նպատակներում ներառված են իրավաբանական  կրթությունը, հետազոտություն իրականացնելը, ուսուցումը և հաստատությունների զարգացումը: Նա իր պատրասատակամությունն է հայտնել  Հայաստանի մասնաճյուղի միջոցով զարգացնել այդ բոլոր ուղղությունները, միևնույն ժամանակ շեշտելով, որ  նախարարի համաձայնությամբ կարող են  աջակցել   ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացվող նախաձեռնություններին:  Նախարարը սիրով ընդունել է հյուրի առաջարկը՝ կարևորելով հետագա համագործակցության անհրաժեշտությունը: Կողմերն անդրադաձել են  երկուստեք կարևորություն ունեցող մի շարք այլ  հարցերի, մասնավորապես՝ իրավաբանների վերապատրաստմանը,  ուսումնական  ծրագրերի արդյունավետությանը և տեղայնացմանը: Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության տնօրենների խորհրդի նախագահ Սպիրիդոն Ֆլոգաիտիսը, շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար,  կարևորել է  այն, որ Հայաստանը վավերացրել է  Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության ստեղծման պայմանագիրը։ Հանդիպմանը մասնակցել   են նաև ՀԻԵԿ հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Մինասյանը և ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Դավիթ Ղուլյանը: ՀԻԵԿ-ը հիմնադրվել է 2007թ. Հունաստանում։ Այսօր 14 երկրներ, 6 միջազգային կազմակերպություններ եւ Հանրային մարմիններ, ինչպես նաեւ 64 համալսարաններ ու ինստիտուտներ ՀԻԵԿ-ի անդամ են։ Ունենալով իր գլխամասն Աթենքում՝ ՀԻԵԿ-ն ունի 14 գրասենյակներ ամբողջ աշխարհում։ Մինչ այսօր ՀԻԵԿ-ը զարգացրել, կազմակերպել եւ աջակցել է շուրջ  200 կրթական, հետազոտական, վերապատրաստման, ինստիտուտների ստեղծման եւ այլ ծրագրեր ավելի քան 70 երկրներում։ 

Լուսանկարը՝ moj.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել