«Հակակոռուպցիոն ռազմավարությունում պարտադիր է սոցիալական ոլորտի ընդգրկումը»

Սոցիալական ոլորտի ներառումը ՀՀ 2015-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարության նախագծում ոչ միայն կարևոր է, այլ պարտադիր: Պնդում է «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Անանիա Մաղաքյանը.

«Ես կարծում եմ` այսօր հատկապես թիվ մեկ թիրախը հենց այս ոլորտն է: Եթե անգամ լիներ մեկ, ոչ թե չորս ոլորտ, ապա դա հենց պետք է լիներ սոցիալականը»,- ասաց պարոն Մաղաքյանը` հիմնավորելով. «Ինչով է դա բացատրվում. Հայաստանում այսօր համատարած գործազրկություն է, իսկ գործազրկությունը հենց սոցիալական ատրիբուտ է, մարդիկ անաշխատանք են մնում ու նրանց հոգսերը պետք է հոգա մեր կառավարությունը, իսկ ինչպես պետք է հոգա` բնականաբար նպաստներով և այլ օգնություններով: Հենց այդտեղ էլ օգտվելով մարդկանց անաշխատելի և ծայրահեղ վատ վիճակից, իշխանավորներն արդեն իսկ սկսում են սակարկել այն ինչ պետությունը պարտավոր է տալ իր ժողովրդին»: ՀԿ նախագահը նաև առաջարկեց նախագծում ընդգրկել արդարադատության ոլորտը, մասնավորապես` դատական համակարգը:

Պարոն Մաղաքյանն անդրադարձավ այն խնդրին, որ ռազմավարության նախագիծը պետք է հաստատի խորհուրդը, որում ընդամենը 2 տեղ է հատկացված ՀԿ ներկայացուցիչներին. «Պաշտոնյաներն ու քաղհասարակության ներկայացուցիչները պետք է լինեն հավասար քանակով ներկայացված, որպեսզի հակակշիռը լինի, եթե անգամ մեկով պակաս է ՔՀԿ ներկայացուցիչների ընդգրկվածությունը, ապա այդ խորհուրդը նորմալ չի կարող աշխատել, այն պարզապես ձևական մարմին է դառնում` ինչ-որ որոշումներ դակող: Այդպես չի լինի, երկու հոգին ծիծաղելի է, քվեարկության ժամանակ էլ այն էն սկզբից պարտված է»,- շեշտեց մեր զրուցակիցը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել