Մի’ դարձեք անօրինական աշխատանքի զոհ. եղե’ք իրազեկ

Մեր օրերում քիչ չեն այնպիսի դեպքերը, երբ քաղաքացիները դառնում են անօրինական աշխատանքի զոհ, աշխատում են` սակայն չեն վարձատրվում, վերջիններիս հետ չի կնքվում աշխատանքային պայմանագիր, հետևապես նաև չի ձևակերպվում վերջիններիս աշխատանքային ստաժը: Այս և այլ խնդիրներից խուսափելու համար, անհրաժեշտ է իրազեկվել, թե ո՞րն է համարվում անօրինական աշխատանք Հայաստանում:

Այսպիսով, անօրինական է համարվում առանց ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատանքային պայմանագրի կատարվող աշխատանքը:

Կամավոր աշխատանքը և օգնություն ցուցաբերելու նպատակով կատարված աշխատանքը չեն կարող համարվել անօրինական: Այդպիսի աշխատանքների կատարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:

Անօրինական աշխատանք կատարելու թույլտվություն տված և (կամ) աշխատանքի հարկադրող գործատուները կամ նրանց ներկայացուցիչները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև հատուցում են նման աշխատանք կատարողներին այդ աշխատանքի կատարման ընթացքում ոչ աշխատողի մեղքով պատճառված վնասները: Եթե դատական կարգով հաստատված է, որ աշխատողի և գործատուի միջև գոյություն ունեն (գոյություն են ունեցել) փաստացի աշխատանքային հարաբերություններ, ապա աշխատանքային հարաբերությունները համարվում են ծագած այն օրվանից, երբ աշխատողը փաստացի անցել է աշխատանքի: Աշխատողը աշխատանքային հարաբերությունների առկայության փաստը հաստատելու նպատակով իրավունք ունի դիմելու դատարան փաստացի աշխատանքային հարաբերությունների գոյության ժամանակահատվածում, ինչպես նաև փաստացի աշխատանքային հարաբերությունները դադարելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում: Դատարանի օրինական վճռով գործատուի և աշխատողի միջև փաստացի աշխատանքային հարաբերությունների առկայության փաստի հաստատումը չի ազատում գործատուին օրենքով սահմանված պատասխանատվությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել