«Սյունիքում կոռուպցիան գերիշխում է բնապահպանության ոլորտում»

Սյունիքի մարզը համարվում է հանքարդյունաբերության կենտրոններից մեկը: Այս մարզի Հակակոռուպցիոն կենտրոնի տարածաշրջանային համակարգող Անի Ասատրյանի խոսքերով` կոռոպցիոն ռիսկերի առկայություն կա մարզում հենց բնապահպանության ոլորտում:

Հիշեցնենք` ՀՀ 2014-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի շրջանակներում ընտրվել են 4 թիրախային ոլորտներ` առողջապահության, կրթության, պետական եկամուտների հավաքագրման և ոստիկանության ծառայությունների մատուցման ոլորտները:

«Մենք կազմակերպել ենք բազմաթիվ հանրային քննարկումներ, եզրահանգել ենք այն մտքին, որ մեզ համար ցանկալի կլիներ, որ դա նույնպես ընդգրկված լիներ ռազմավարության մեջ, այսինքն` բնապահպանության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման խնդիրները»,- նշեց Անի Ասատրյանը` հիմնավորելով, որ Սյունիքում հանքարդյունաբերող կազմակերպությունները բնապահպանական տեսչությունների հետ սերտ կապերի մեջ են, ինչի արդյունքում այս մարմիններն աչք են փակում ոլորտի խնդիրների վրա:

Ընդհանուր առմամբ մեր զրուցակիցը դրական գնահատեց հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը` միաժամանակ նշելով, որ հիմնականում առկա է կիրառման խնդիր. «Կարծում եմ` մինչև որ չլինի իշխանության կողմից քաղաքական կամք, մենք չենք կարողանա իրականացնել այդ ռազմավարությունն ու արդյունավետ պայքար տանել»,- եզրահանգեց Անի Ասատրյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել