ՀՀ պաշտպանության նախարարի ողջույնի խոսքը Լիբանան մեկնող հայ խաղաղապահներին

Հարգելի պարոն դեսպան,
Հայոց բանակի հարգելի մարտիկներ,
Տիկնայք և պարոնայք

Ահա և եկավ այն պատասխանատու պահը, որին բոլորս սպասել ենք գրեթե երկու տարի: ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող  «Լիբանանում Միացյալ Ազգերի Կազմակերպության ժամանակավոր ուժեր» կամ «ՅՈՒՆԻՖԻԼ» առաքելությանը հայ խաղաղապահ ստորաբաժանման մասնակցության հարցը առաջին անգամ քննարկեցինք 2012թ. հոկտեմբերին Իտալիայի պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ: Երկուստեք եկանք այն եզրակացության, որ արդեն իսկ հասունացել է Հայոց խաղաղապահ ներկայությունը Մերձավոր Արևելքում ապահովելու ժամանակը և դա նպատակահարմար է անել իտալական զորախմբի կազմում:

Հայաստանի Հանրապետության Նախագահի բարձր հովանու ներքո, երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև անմիջապես սկսվեց ՅՈՒՆԻՖԻԼՈՒՄ-ում հայկական ստորաբաժանման տեղակայման իրավապայմանագրային դաշտն ապահովելուն, վարչական ու նյութատեխնիկական հարցերը կարգավորելուն ուղղված աշխատանքային գործընթաց: Ինչպես արդեն ասեցի, այս ամենի համար պահանջվեց գրեթե երկու տարվա մանրակրկիտ ու հոգնատանջ աշխատանք, և ահա ամեն ինչ պատրաստ է, դու մեկնում եք Լիբանան…

Հենց սկզբից պետք է ասեմ, որ չեք գնում խաղաղապահության ոլորտի` Կոսովոյում, Իրաքում և Աֆղանստանում կուտակած ձեր գիտելիքների և հմտությունների համար պարծենալու նպատակով: Իհարկե, միջազգային առաքելության կազմում ձեր օտարերկրացի եղբայրների ու քույրերի հետ համատեղ ծառայելիս ոչ միայն կսովորեք իրենց փորձից, այլև համոզված եմ, ինքներդ էլ շատ լավ որակներ կունենաք ցուցադրելու:

Այնուհանդերձ, Լիբանան առաջին հերթին գնում եք միջազգային խաղաղությանը և անվտանգությանը ձեր նպաստը բերելու համար, և դա անելու եք անկայունության կողմից կես դարից ավել ծվատվող մի երկրում, որտեղ ժամանակին խաղաղ համակեցությամբ արարում էին տարբեր կրոնական պատկանելություն ունեցող մի շարք ժողովուրդներ: Այսօր էլ, Միջերկրական ծովի ափին սփռված այդ երկրում ապրում են տասնյակ հազարավոր մեր հայրենակիցները` ցեղասպանությունից փրկված հայերի սերունդները:

Լիբանան գնալու համար կա ևս մեկ կարևոր պատճառ: Լիբանանը ոչ Կոսովո է, և ոչ էլ Աֆղանստան: Լիբանանը Հայաստանի արտաքին անվտանգության շահերի տիրույթում գտնվող Մերձավոր Արևելք է: Ուստի իմացեք, որ ՅՈՒՆԻՖԻԼ-ի կազմում ձեր ծառայությամբ նպաստում եք նաև Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ապահովմանը:

Ես կաշխատեմ հնարավորինս շուտ անձամբ այցելել ձեզ, տեղում ծանաթանալու համար ծառայության պայմաններին և առկա խնդիրներին, եթե լինեն այդպիսիք: Սակայն համոզված եմ, որ արագ ինտեգրվելու եք միջազգային առաքելության ձեր ծառայակիցների շարքերում, վայելելու եք իտալական հրամանատարության հարգանքը և նվաճելու եք տեղի բնակչության սերն ու վստահությունը: Մաղթում եմ ձեզ բարի ճանապարհ տղաներ, անվտանգ ծառայություն, քաջ առողջություն և հոգու ամրություն` Հայոց զինուժի պատիվը օտար, բայց այդքան հարազատ, հեռու բայց նաև մոտիկ ափերում բարձր պահելու համար:

Շնորհակալություն:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել