Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Կհրապարակվի 56 մլն դրամի գողության գործով Վերաքննիչ դատարանի որոշումը

Առաջին ատյանի դատարանի կողմից 56 միլիոն 400 000 դրամի գողության մեջ մեղավոր ճանաչված Էդգար Կարաքեշիշյանի և Աշոտ Առուշանյանի գործով վերաքննիչ բողոքի դատական ակտը կհրապարակվի վաղը:

Այսօր` նոյեմբերի 27-ին Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց դատական վիճաբանությունների փուլը: Պաշտպանական ճառը շարունակեց ամբաստանյալ Աշոտ Առուշանյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը: Նա անդրադարձավ նախաքննական մարմնի կողմից, իր խոսքերով` թույլ տված խախտումներին` շեշտելով այն հանգամանքը, որ գործով մեղադրյալ ներգրավված և ինքնասպանություն գործած Արտաշես Գալուստյանի նկատմամբ բռնությամբ քննիչը ցուցմունքներ է կորզել:

Փաստաբանը նաև անդրադարձավ պաշտպանական կողմից ներկայացրած ապացույցների թույլատրելիության հարցին, մասնավորապես պարոն Սիմոնյանը շեշտը դրեց գործին առնչվող տեսաձայնագրությունների մոնտաժված լիելու փաստին: Իր պաշտպանական ճառում փաստաբանը Վերաքննիչ դատարանից խնդրեց բեկանել առաջին ատյանի որոշումը` հիմնավորելով, որ գործով ձեռք չի բերվել որևէ ապացույց, ըստ որի` Աշոտ Առուշանյանը նպաստել է կատարված գողությանը:
Ամբաստանյալ Աշոտ Առուշանյանն իրեն մեղավոր չճանաչեց և խնդրեց արդարացման վճիռ կայացնել իր նկատմամբ:

Մեղադրողը նշեց, որ առաջին ատյանի դատարանի վճիռը ենթակա չէ բեկանման. «Առաջին ատյանի դատարանի վճիռը լիովին հիմնավորված է, բոլոր ապացույցները վերլուծվել են ու գնահատվել, դատավճիռը պետք է թողել ամփոփոխ, իսկ ամբաստանյալի բերված բողոքները ենթակա են մերժման»,- ասաց դատախազը: Նա նաև շեշտեց, որ առաջին ատյանի դատարանը, անթույլատրելի ճանաչելով, հանգուցյալ մեղադրյալ Արտաշես Գալուստյանի ցուցմունքներն ու առերես հարցաքննության արձանագրությունը, քրեադատավարական խախտում է թույլ տվել, սակայն դատախազը այդ մասով բողոք չներկայացրեց:

Ռեպլիկի կարգով Լիպարիտ Սիմոնյանը մեկնաբանեց մեղադրողի ելույթը` ընդգծելով, որ այն հիմնված էր ամբողջապես անթույլատրելի ճանաչված ցուցմունքի վրա. «Եթե չլիներ Արտաշես Գալուստյանի ցուցմունքը, ընդհանրապես իմ պաշտպանյալի անունը չէր լինի այս գործի մեջ»,- եզրահանգեց փաստաբանը:

Էդգար Կարաքեշիշյանի պաշտպան Ռաֆիկ Սաֆարյանը իր պաշտպանական ճառում խնդրեց անմեղ ճանաչել ամբաստանյալին: Նա նաև մեղադրեց դատարանին. «Դուք էս երկրի կարգին, կանոններին, օրենքներին չեք ուզում ենթարկվել»:

Նախագահող դատավար Կարինե Ղազարյանը, լսելով ճառերը, նշեց, որ դատարանը գնում է խորհդակցական սենյակ դատական ակտ կայացնելու համար, այն կհրապարակվի վաղը:

Հիշեցնենք` գողությունը կատարվել էր «Մանանա Գրեյն» ՍՊԸ փոխտնօրեն Արմեն Մանուկյանի ավտոմեքենայից: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Էդգար Կարաքեշիշյանին և Աշոտ Առուշանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով կատարված գողությունը, որի համար նախատեսվում է ազատազրկում` 4-ից 8 տարի ժամկետով) և դատապարտել ազատազրկման Էդգար Կարաքեշիշյանին 7 տարի, իսկ Աշոտ Առուշանյանին 5 տարի 6 ամիս ժամկետով: Ինչպես նաև դատարանը բավարարել է «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը` ամբաստանյալներից համապարտության կարգով հօգուտ «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի բռնագանձել 55 միլիոն 500 հազար դրամ` որպես հանցագործության պատճառված նյութական վնաս:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել