«Պետք է կարողանալ համարժեքություն ապահովել». Ռուբեն Մելիքյանի խորհուրդը ՄԻԵԴ դիմող փաստաբաններին

2014 թվականի նոյեմբերի 13-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռներ է կայացրել «Բաղդասարյանը և Զարիկյանցն ընդդեմ Հայաստանի», «Ղարիբյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» և «Ղասաբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» գործերով:

Մինչ այս Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ Բաղդասարյանը և Զարիկյանցն ընդդեմ Հայաստանի» գործով և «Ղարիբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուները ՀՀ կառավարությունից պահանջել են 300.000 եվրո գումար, Եվրադատարանը դիմումատուների հայցը բավարարել է՝ առաջին դեպքում սահմանելով 44.000 եվրո, երկրորդի դեպքում` 52.000 եվրո:
«Ղասաբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուները ՀՀ կառավարությունից պահանջել են մոտ 370.000 եվրո գումար: Եվրադատարանը դիմումատուների հայցը բավարարել է՝ սահմանելով 64.000 եվրո փոխհատուցում:

Արդարդատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանի խոսքերով` այս գործերով նա զբաղվել 2012թ. արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնելով. «Իսկապես ես ինքս էլ ունեմ գոհունակություն, որ վերջապես եվրոպական դատարանը կայացրեց վճիռ այս երեք գործերով: Սա ոչ միայն նշանակալից է կոնկրետ դիմումատուների տեսանկյունից, որոնք արդեն իսկ ստացան որոշակիություն, թե ինչպիսին է ՄԻԵԴ-ի պատկերացումը նման իրավախախտումների պարագայում արդարացի փոխհատուցման վերաբերյալ, իմ պատեկարցումն այն է, որ գուցե այդ որոշակիությունը չկար»,- նշեց մեր զրուցակիցը:

Նա այս վճիռները նաև նշանակալից համարեց հետևյալ տեսանկյունից. «Այս երեք գործերով մենք էջ ենք փակում և 2004-2005թթ. իրականացված գործընթացի արդյունքում մենք կարծես թե չունենք ՄԻԵԴ-ում չվճռված գործեր»:

Անդրադառնալով կոնկրետ գործերի վճիռներին` պարոն Մելիքյանը նշեց. «Կոնկրետ այս գործերով վճիռները, ինչպես ենթադրելի էր Եվրոպական դատարանի նախադեպային իրավական համակարգին հարելու դրույթից, նույն սկզբունքներով են արդարացի փոխհատուցման հարցերը լուծվել, ինչ դրանից առաջ Մինասյան-Սեմիրջյան և այլ վճիռներով: Խնդիրն այն է, որ երբեմն շատ էական է լինում տարբերությունը` կողմերի ակնկալիքնի ու իրականության միջև: Տվյալ գործերով կողմերը ՄԻԵԴ-ին խնդրել էին, որպեսզի փոխհատուցումը վճարվի 117 քմ մակերեսով բնակարանի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար 3000 ԱՄՆ դոլար հաշվարկով` գումարած շատ մեծ ոչ նյութական վնասի փոխհատուցում, կարծում եմ, 70 հազար եվրո էր գործերից մեկով պահանջվում, մինչդեռ ստացվեց այլ պատկեր»:

Ուստի Ռուբեն Մելիքյանը ՄԻԵԴ դիմող փաստաբանների խորհուրդ է տալիս այս գործերը հիմք ընդունելով համարժեք հայցեր ներկայացնել. «Պետք է նաև իրավաբանական հանրությունը մտածի, արդյոք ինչո՞ւ են լինում այսպիսի անհամապատասխանություն կողմի ողջամիտ ակնկալիքի և ՄԻԵԴ-ի կողմից կայացված վճիռների միջև: Դատարանի կողմից կայացված վճիռները` արդեն իսկ մշակված սկզբունքների կիրառում են, արդեն իսկ մենք ունենք ակտեր, որոնց միջոցով հնարավոր էր պատկերացնել, թե Եվրոպական դատարանը ինչ չափանիշներով էր գործում: Այս ընկալման բացակայությունը, կարծում եմ, մեր իրաբանական հանրության համար խնդիր է, երբ որ մարդիկ սխալ կամ ոչ համարժեք ակնկալիքներ են ունենում, նրանք շատ ամբավարված են մնում և որոշակիություն չէր լինում նրանց համար: Սա մյուս կողմից մեր մասնագիտական հանրության խնդիրն է: Ովքեր որ զբաղվում են նման գործերով, պետք է կարողանան համարժեքություն ապահովել դիմումների ակնկալիքների և հետագայում սպասվող իրականության մեջ»,- եզրահանգեց պարոն Մելիքյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել