ՀՀ ֆինանսների նախարարության քննչական վարչության գործունեությունը իրավաչափ է. ՀՀ ՖՆ

Մինչ այս Իրավաբան.netգրել էր, որ ՀՀ ֆինանսների նախարարությունում գործում է քննչական վարչություն: Այս առնչությամբ փաստաբան Սամվել Ջաղինյանը մտահոգություն էր հայտնել, որ նման հասկացողություն, այսինքն` ֆինանսների նախարարության քննիչ, գոյություն չունի: Այս առնչությամբ մեկնաբնաբանություն ենք ստացել ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարարությունից պարզաբանել են, որ ներկայում ՀՀ ֆինանսների նախարարության կազմում գործում են մաքսային և հարկային ծառայություններն իրենց բոլոր ստորաբաժանումներով, որոնք համարվում են պետական ծառայության հատուկ տեսակներ, ինչպես նաև այլ ստորաբաժանումներ, որոնց աշխատակիցներն հանդիսանում են քաղաքացիական ծառայողներ: Մինչև ՀՀ ֆինանսների նախարարության համակարգում ընդգրկվելը, ՀՀ մաքսային և հարկային ծառայությունները գործել են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի համակարգում:

Համաձայն պատասխանի` մաքսային և հարկային ծառայություններն, անկախ նախկին և ներկա գերատեսչական պատկանելիությունից, գործում են համապատասխանաբար` «Մաքսային ծառայության մասին» և «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքների հիման վրա, որոնցով սահմանվում են այս ծառայությունների պաշտոնատար անձանց ցանկը և դասակարգումը:

Մասնավորապես` «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածում /մաքսային ծառայության պաշտոնները/ նշվում են` վերադաս մաքսային մարմնի հատկապես կարևորագույն գործերով քննիչի, վերադաս մաքսային մարմնի ավագ քննիչի և վերադաս մաքսային մարմնի քննիչի պաշտոնները` որպես մաքսային ծառայության պաշտոններ: Միաժամանակ «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածում /հարկային ծառայության պաշտոնների անվանացանկը/ նշվում են` վերադաս հարկային մարմնի հատկապես կարևորագույն գործերով քննիչի, վերադաս հարկային մարմնի ավագ քննիչի և վերադաս հարկային մարմնի քննիչի պաշտոնները` որպես հարկային ծառայության պաշտոններ:

Բացի նշված օրենսդրական ակտերից, որոնցով սահմանվում են մաքսային և հարկային ծառայությունների քննիչների պաշտոնների դասակարգումները, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանվում են բոլոր քննիչների, այդ թվում` մաքսային և հարկային ծառայությունների քննիչների լիազորությունները: Հարկային և մաքսային ծառայությունների քննիչներն ուղղակիորեն նշվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 25-րդ կետով, 189-րդ հոդվածով, ինչպես նաև 190-րդ հոդվածով, որով կարգավորվում է քննչական ենթակայությունը` թե քրեական օրենսգրքի որ հոդվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով նախաքննության կատարումը որ մարմնի /այդ թվում` հարկային և մաքսային ծառայությունների/ քննիչներին են վերապահված:

Ըստ հաղորդագրության` վկայակոչված իրավական ակտերը կազմում են այն օրենսդրական հիմքը, որի հիման վրա գործում է ՀՀ ֆինանսների նախարարության քննչական վարչությունը: Տեղեկանում ենք նաև, որ ՀՀ ֆինանսների նախարարության քննչական վարչության կազմում կան առանձին բաժիններ` հարկային և մաքսային ծառայությունների մասով, որտեղ համապատասխանաբար գործում են հարկային ծառայության քննիչները և մաքսային ծառայության քննիչները:

Այս ամենով հանդերձ ֆիննախից ստացված պատասխանում եզրահանգվում է. «ՀՀ ֆինանսների նախարարության կառուցվածքում գործող քննչական վարչության գործունեությունը իրավաչափ է, այն նախատեսված է ՀՀ օրենսդրությամբ և գերատեսչական պատկանելիության նշումը չի հանգեցնում հարկային և մաքսային ծառայությունների կազմում գործող քննիչների գործունեության բնույթի փոփոխության, քանի որ այն կարգավորված է օրենքով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել