Բնակչության ծերացման հետևանքներից բխող հիմնախնդիրները միջգերատեսչական հանձնաժողովի նիստում

ՀՀ աշխատանքի  և սոցիալական հարցերի նախարարությունում նախօրեին տեղի ունեցավ  Բնակչության ծերացման հետևանքներից բխող հիմնախնդիրների լուծման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարության իրականացումը ապահովելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:  Նիստի ընթացքում ներկայացվեցին 2014 թվականի ընթացքում տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց, կենսաթոշակառուների համար մատուցվող  և առաջարկվող ծառայությունները, ինչպես նաև ակնկալվող ծրագրերը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքից:

Մշակույթի նախարարության ներկայացուցիչը մասնավորապես խոսեց  մշակութային պետական կազմակերպությունների կենսաթոշակառուներին մատուցվող մշակութային ծառայություններից օգտվելու առավել մատչելի պայմանների, ստեղծագործող կենսաթոշակառուների համար իրենց աշխատանքները ցուցադրելու, տպագրելու հնարավորությունների մասին:

Առողջապահության նախարարությունից ներկայացվեց տարեց մարդկանց կարիքներին համարժեք մատչելի և որակյալ բժշկական օգնության  և սպասարկման ծառայությունների  մասին տեղեկատվություն: Խոսվեց նաև առողջապահական նոր ծառայությունների ներդրման մասին:

Տրանսպորտի և կապ նախարարության ներկայացուցիչը  2014 թվականի ընթացքում իրականացված ծրագրերից և քայլերից բացի,  անդրադարձավ հաշմանդամություն ունեցող անձանց և բնակչության սակավաշարժուն  խմբերի համար տրանսպորտային  միջոցների ֆիզիկական մատչելիության ապահովմանն ուղղված օրենսդրական կարգավորումներին:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի կողմից ներկայացվեց անօթևան  մարդկանց շրջանում (մասնավորապես՝ տարեցներ) իրականացված ուսումնասիրության արդյունքները, ներկայացվեցին նաև համապատասխան առաջարկներ անօթևաններին կացարան տրամադրելու և անհրաժեշտ ծառայություններ մատուցելու վերաբերյալ:
Նիստին ներկա էին նաև  «Հայկական Կարիտաս»   և «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ների ներկայացուցիչները, ովքեր նույնպես ներկայացրեցեին իրենց կազմակերպությունների կողմից  2014 թվականի ընթացքում իրականացված աշխատանքները տարեցների, կենսաթոշակառուների և հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում:

Հաջորդ միջգերատեսչական նիստին կքննարկվի  Հայաստանի Հանրապետությունում տարեցների սոցիալական ծառայություններ տրամադրելու հայեցակարգի իրականացման 2015-2019 թվականների միջոցառումների ծրագիրը:

Լուսանկարը՝ mlsa.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել