Բռնադատվածներին եւ նրանց առաջին հերթի ժառանգներին տրվում են երկարաժամկետ վարկեր

«Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքի համաձայն` բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում բռնադատվածներին եւ նրանց առաջին հերթի ժառանգներին սեփականության իրավունքով տրամադրվում է սահմանված չափով հողատարածք բնակարանային անհատական շինարարության համար՝ այդ նպատակի համար արտոնյալ պայմաններով հատկացնելով երկարաժամկետ վարկ: Այս մասին iravaban.net-ի հետ զրույցում նշեց իրավաբան Սերինե Խաչատրյանը:
Ըստ որոշման, երկարաժամկետ վարկ տրվում է.
Հայաստանի Հանրապետության տարածքից բռնադատվածներին՝ իրենց նախկին բնակության վայրերում կամ վերջին երեք տարվա մշտական բնակության վայրում, բացի Երևան քաղաքից.
այլ հանրապետություններից բռնադատվածներին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած բնակավայրերում կամ վերջին երեք տարվա մշտական բնակության վայրում, բացի Երևան քաղաքից.
պետության և համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի բացակայության դեպքումբռնադատվածների համար պետական բյուջեի միջոցների հաշվին չծանրաբեռնված հողամաս է գնվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Վերջին երեք տարիներին Երևան քաղաքում մշտապես բնակվող և մինչև 2003 թվականի հունիսի 15-ը բնակարանային անհատական շինարարության համար սեփականության իրավունքով անհատույց հողամաս չստացած բռնադատվածներին հողատարածք տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած բնակավայրերում։
Ավելի վաղ iravaban.net-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների բաժնի առաջատար մասնագետ Արմինե Սաղաթելյանը տեղեկացրել էր, որ այս պահի դրությամբ հիմնավոր ճանաչված 304 դիմում ունեն, որոնք հերթագրված են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկ ստանալու համար:
«Եթե այսպես գնա, մարդիկ երեւի 7-8 տարվա մեջ կստանան, քանի որ ամեն տարի պետբյուջեով որքան գումար հատկացվում է, այնքան ենք տալիս: Օրինակ այս տարի 10 հոգու ենք տվել գումար, անցյալ տարի` 41: Այդ նպատակով այս տարի բյուջեից հատկացրել են 50 միլիոն դրամ, անցյալ տարի` 200 միլիոն»,- նշել էր Արմինե Սաղաթելյանը:
Հիշեցնենք, որ բռնադատված է համարվում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող նախկին ԽՍՀՄ այն քաղաքացին, քաղաքացիություն չունեցող անձը կամ օտարերկրյա քաղաքացին, որը խորհրդային կարգերի ժամանակաշրջանում (սկսած 1920 թվականի նոյեմբերի 29-ից) նախկին ԽՍՀՄ-ի տարածքում քաղաքական շարժառիթներով`
ա) դատապարտվել է 1961 թվականի ՀՍՍՀ քրեական օրենսգրքի նախկին խմբագրությամբ 65, 67, 69, ինչպես նաև 206/1 հոդվածներով կամ 1927 թվականի ՀՍՍՌ քրեական օրենսգրքի նույն բովանդակությամբ հոդվածներով կամ նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քրեական օրենսգրքերի համապատասխան հոդվածներով, քաղաքական այլախոհությունը ճնշելու կամ սահմանափակելու նպատակ հետապնդող այլ հոդվածներով և հետագայում արդարացվել է.
բ) քրեական պատասխանատվության է ենթարկվել արտադատարանական կարգով.
գ) անօրինական կարգով ենթարկվել է բժշկական բնույթի հարկադրական միջոցների.
դ) արտաքսվել է նախկին ԽՍՀՄ տարածքից կամ զրկվել քաղաքացիությունից.
ե) աքսորվել կամ արտաքսվել է որպես բռնադատվածի ընտանիքի անդամ:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել