«Նախ դեմք ձեռք բերել, այնուհետև` ներկայանալ». Ռուբեն Մելիքյան

ՀՀ Կառավարության 2013թ. սեպտեմբերի 13-ի որոշմամբ՝ Հայաստանում ստեղծվեց Արդարադատության ակադեմիա: «Ակադեմիայի առաջին և ելակետային շրջանը արդեն մոտենում է ավարտին: Շուրջ մեկ տարվա գործունեությունը եղել է հագեցած և բուռն»,- հավաստիացնում է ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը: Որո՞նք են ակադեմիայի արձանագրած հաջողություններն այս մեկ տարվա ընթացքում, ի՞նչ արժեհամակարգ է այն ներդնում դատական համակարգում՝ կոռուպցիայի նվազման հարցում և ի՞նչ ծրագրեր ունի նոր ձևավորված ակադեմիան: Այս և այլ հարցերի շուրջ «Հայաստանի բարձրագույն իրավաբանական կրթական հաստատությունները» հատուկ նախագծի շրջանակներում զրուցել ենք Ռուբեն Մելիքյանի հետ: Մեր այցելությունը տեղի ունեցավ ակադեմիայի քննաշրջանի ընթացքում:

-Պարոն Մելիքյան, ինչպե՞ս կբնորոշեք ակադեմիայի գործունեությունը հիմնադրումից ի վեր:

-Մենք մոտավորապես մեկ տարի է ակտիվ գործունեություն ենք ծավալում, հիմա ճաշակում ենք մեր այս տարվա աշխատանքի պտուղները, որովհետև այժմ վերջին՝ չորրորդ քննաշրջանն է բուռն կերպով ընթանում:

-Խնդրում եմ մանրամասնել` ստուգման ի՞նչ համակարգ է ներդրված:

-Մենք քննություններ անցկացնում ենք բացառապես դատավորի և դատախազի թեկնածուների համար: Գործող դատախազների և դատավորների վերապատրաստումները չեն ավարտվում քննությամբ, սա նաև դատական իշխանության անկախության երաշխիքներից է: Ի տարբերություն գործող դատավորների և դատախազների ուսումնական ծրագրի, բավականին մեծածավալ ուսուցման մոդել է ներդրված թեկնածուների համար: Մասնավորապես` 8.5 ամիս տևողության ուսուցման ծրագիրը հագեցած է: Չնայած առկա են որոշակի թերություններ, սակայն ամփոփելով կարող ենք արձանագրել, որ ընդհանուր առմամբ մեր առջև դրված խնդիրները լուծված են, որովհետև կարողացանք կանոնակարգված ուսուցման գործընթաց իրականացնել: Իհարկե, փոփոխություններ առաջարկվելու են, բայց փորձը շատ ուսանելի էր և օգտակար: Մենք յուրաքանչյուր դատավորի և դատախազի թեկնածուի համար 30 քննություն ենք նախատեսել: Քննությունները հիմնականում գրավոր են: Մեր ունկնդիրները լարված և հագեցած ուսումնական պրոցես են ունեցել: Դասավանդման ընթացքում մեր առջև խնդիր ենք դրել բացի իրավական ոլորտից գիտելիքներ տալուց, նաև դատավորներին և դատախազներին տալ այնպիսի գործիքակազմ, որը կօգնի իրենց գործունեությունն ավելի արդյունավետ իրականացնել: Ընդհանրապես իրավաբանության ոլորտում փաստարկման տեսության և պրակտիկայի խնդիրներ ունենք` սթրեսի, ժամանակի կառավարում, հաղորդակցություն: Իմ կարծիքով՝ կրթական հաստատություններում ամենակարևորն ուսումնական նյութերի պատրաստումն է: Ի սկզբանե, մենք ունեցել ենք ռազմավորություն, որպեսզի որոշակի բալանսավորում ունենանք առկա և հեռավար ուսուցման ձևերի միջև: Եթե թեկնածուների մասով հեռավար ուսուցումը օրենքով արգելված է մեզ համար կիրառել, դա նաև բնական է, ապա գործող դատավորների և դատախազների դեպքում մենք շատ մեծ դաշտ ունենք օգտագործելու հենց հեռավար ուսուցման տեխնոլոգիաները: Եթե այսօր օրենքով նախատեսված կարգով գործող դատավորներն ու դատախազները տարեկան երկու շաբաթ պետք է կտրվեն իրենց աշխատանքներից և մասնակցեն ակադեմիայի կողմից կազմակերպվող դասընթացներին, ապա հեռավար ուսուցման կիրառման դեպքում մենք կարող ենք այդ ժամաքանակը նվազեցնել` հասցնելով մեկ շաբաթի, իսկ մնացածը՝ հեռավար կարգով:

-Այսօր դատական համակարգում ամենալուրջ խնդիրներից մեկը կոռուպցիան է, ինչը փաստում է նաև Մարդու իրավունքների պաշտպանը` իր տարեկան զեկույցներում: Ձեր դասընթացների շրջանակներում արդյոք ներդրվում են մեխանիզմներ, որոնք թույլ կտան զարգացնել թեկնածուների աշխարհայացքում հակակոռուպցիոն գաղափարախոսություններ:

-Չեմ ուզում գնահատել կոռուպցիայի հետ կապված հարցերը, իհարկե, ես հեռու եմ այն մտքից, որ ՀՀ դատական համակարգում կոռուպցիան բացակայում է, բայց միաժամանակ, ես ինքս` որպես անձ, ով մոտ է կանգնած այդ համակարգին, կարող եմ փաստել, որ նոր մտածողությունը աստիճանաբար ավելի գերշխող է դառնում մեր իրավական համակարգում, ինչն ինձ համար շատ ուրախալի է: Այնուհանդերձ, դրանով բավարարվել պետք չէ և մեզ համար հակակոռուպցիոն բնույթի դասընթացներն իսկապես կարևոր են: Երբ մենք խոսում ենք կրթական համակարգի մասին առհասարակ, պետք է հասկանանք, որ հեծանիվ հնարել հարկավոր չէ` մենք ունենք գիտելիքի, հմտության և արժեքների բաղադրիչ: Ձեր ասած ոլորտն առավելապես վերաբերում է արժեքներին, որովհետև գիտելիքով և հմտությամբ հնարավոր չէ հակակոռուպցիոն արժեքաբանություն ներմուծել: Այդ առումով մենք նաև որոշակի արժեքային դասընթացներ ենք իրականացնում:

-Ի՞նչ ծրագրեր ունեք ապագայի համար:

-Ծրագրերը բազմաթիվ են, որոնք առավելապես կապված են կրթական առաջին բաղադրիչի` նյութերի մշակման հետ: Արդյունավետ ուսուցման գործընթացի կազմակերպման համար հարկավոր է առաջնահերթությունը տալ նյութերի պատրաստման ու մշակման գործընթացին: 2015թ.-ի համար ունենք մի շարք ծրագրեր այս ուղղությամբ: Նշեմ նաև, որ 2014թ.-ին` այս խիստ ծանրաբեռնված տարվա ընթացքում, մեզ հաջողվեց առաջին հեռավար ուսուցման փաթեթը պատրաստել, որը ներառում է նաև մի շարք տեսաձայնագրություններ և ներկայացնել մեր գործընկերներին` ցույց տալով, թե ինչ ենք ուզում: Սա ես համարում եմ նշանակալի ձեռքբերում:

-Գործընկերներից խոսեցիք, անդրադառնանք այս հարցին, ի՞նչ համագործակցություն եք ծավալվել արտասահմանյան արդարադատության ակադեմիաների հետ:

-Մենք որոշակի երկկողմանի կապեր ձևավորել ենք, մասնավորապես ԱՄՆ համարժեք կառույցի, նաև բուլղարացի մեր գործընկերոջ հետ: Կապեր ձևավորելը պահանջում է նաև որոշակի ռեսուրսների ներդրում: Մեր ռազմավարությունը 2014թ. համար եղել է նախ դեմք ձեռք բերելը, հետո նոր ներկայանալը: Ավելի լավ է ռեսուրսները ներդնել ինչ-որ բան ստեղծելու մեջ, հետո միայն հավասարի պես բանակցել գործընկերների հետ: Ինձ համար` որպես ՀՀ քաղաքացու, շատ կարևոր է, որ մեր երկիրը ոչ միայն ընկալվի որպես գիտելիք, փորձ ընդունող, այլ նաև հակառակ պրոցեսում իրականացնի իր գործառույթը, այսինքն` հանդես գա առաջարկողի դիրքերից: Այստեղ առաջին քայլերը մենք արդեն իրականացրել ենք. մեր մասնագետը ԵԽ-ի կողմից հրավիրվել է մասնակցելու հեռաուսուցման եվրոպական համակարգի նոր մեթոդաբանական մոդելի մշակման աշխատանքներին: Նա ընգրկված է 7 հոգուց կազմված աշխատանքային խմբում, որի կազմում հետխորհրդային երկրներից մասնագետներ չկան: Այս հանգամանքը չափազանց կարևոր է Արդարադատության ակադեմիայի համար, որովհետև մենք չենք տեսնում մեզ բացառապես սպառողի դերում և չենք ուզում, որ մեզ ընկալեն որպես այդպիսին:

Տեղեկացնենք նաև, որ «Արդարադատության ակադեմիայի» մասին ՀՀ օրենքով կառույցի կառավարումն իրականացնում է Ակադեմիայի կառավարման խորհուրդը, որի կազմում ընդգրկված են ՀՀ Արդարադատության նախարարը և 3-ական դատավոր ու դատախազ: Ակադեմիայի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ռեկտորը, որն ընտրվում է Խորհրդի կողմից 5 տարի ժամկետով: 2013թ. նոյեմբերի 15-ին Արդարադատության ակադեմիայի առաջին ռեկտոր է ընտրվել իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուբեն Մելիքյանը: Արդարադատության ակադեմիան իր բուն գործունեությունը սկսել է 2014թ. հունվարի 1-ից:

Ակադեմիայի գործունեության նպատակներն են՝ դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մոտ անհրաժեշտ հմտությունների ձևավորումը և մասնագիտական գիտելիքների ընդլայնումը, գործող դատավորների, դատախազների և մյուս դատական ու դատախազական ծառայողների համար կրթական ծրագրերի իրականացումը:

Ակադեմիայում դատավորների և դատախազների թեկնածուների համար ուսումնառության տևողությունը 8.5 ամիս է, որն ընդգրկում է լսարանային ուսուցում (4 կրթական հատվածով) և փորձաշրջան: Ուսուցման ծրագրով նախատեսված է 30 առարկաների դասավանդում:

Հարցազրույցը` Գևորգ Թոսունյանի
Լուսանկարները՝ Զաքար Իսկանդարյանի
Նախագծի մտահաղացման հեղինակ՝ Կարեն Զադոյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել