Փաստաբանները պետք է կարողանան ազդել դատավորների վրա. փորձագետ

ՀՀ արդարադատության նախարարության կայքում հրապարակվել է միջազգային մասնավոր իրավունքի վերաբերյալ հայեցակարգը, որի փորձագիտական խմբի անդամներն են Արմեն Հայկյանցը, Մուշեղ Մանուկյանը, Եղիշե Կիրակոսյան, Վիգեն Քոչարյանը և Ներսես Աղաբաբյանը:

Հայեցակարգում շեշտվում է, որ «Դատական պրակտիկայի իմիջիայլոց վերաբերմունքը միջազգային մասնավոր իրավունքին ոլորտի նկատմամբ ՀՀ օրենսդրության տխրահռչակ կայունության հետևանքն է»:

Փորձագիտական խմբի անդամ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Արմեն Հայկյանցը Իրավաբան.net-ին փոխանցեց, որ ներկայումս օրենսդրությունը բաց տեղեր ունի, որոնք թույլ են տալիս դատարանին շրջանցել միջազգային իրավունքի կիրառումը: Պարոն Հայկյանցի խոսքերով` օրենսդրական փոփոխություններն առ ոչինչ են քանի դեռ փաստաբանները չեն կարողանում արդյունավետորեն ազդել դատարանի վրա. «Դատավորների վերաբերմունքը փոփոխելու համար նախ և առաջ հարկավոր է փաստաբանական ինստիտուտն ակտիվացնել: Փաստաբանները մեծ գործ ունեն անելու, եթե նրանք պրոֆեսիոնալ կերպով ահազանգ իրականացնեն, վերին ատյաններում այս կամ այն հիմքով բարձրաձայնեն խնդիրը, ես կարծում եմ` իրավիճակը կփոխվի»,- շեշտեց մեր զրուցակիցը` միաժամանակ նշելով, որ դատավորների իներտ պահվածքը կապված է նաև միջազգային մասնավոր իրավունքի բարդ համակարգով. «Օտարերկրյա օրենքը, նրա բովանդակությունը պարզելը բարդ ու ժամանակատար պրոցես է: Մեր օրենսդրությունը տալիս է այն հույսի շողը, որ դատավորը կարողանում է շրջանցել այն: Այստեղ կրկին հանգում ենք նույն եզրահանգության` փաստաբանները պետք է պրոֆեսիոնալ կերպով արգելափակեն այդ շրջանցումը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել