Ի՞նչ հարցեր են քննարկել Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի գլխավորած պատվիրակությունն այսօր հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Ալեքսանդր Կոնովալովին:

Ողջունելով հայաստանյան գործընկերոջը՝ ՌԴ արդարադատության նախարարը նշել է, որ փոխգործակցության նոր մակարդակ է ակնկալվում՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության ինտեգրացիոն գործընթացները և Ռուսաստանի դերը այդ պրոցեսներում:  ՀՀ արդարադատության նախարարը նշել է, որ ՌԴ նախարարի հետ Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական 4-րդ ֆորումից հետո սա երկրորդ հանդիպումն է՝ հավելելով, որ պետք է ակտիվացնել փոխգործակցությունն ու իրավական ինտեգրացիան: Կողմերն անդրադարձել են ինտեգրացիոն պրոցեսների իրավական մասնագիտական ուղեկցման կարևորությանը՝ այս համատեքստում քննարկելով մասնակից պետությունների փորձի ուսումնասիրությունը:

Անդրադարձ է եղել նաև ՀՀ ԱՆ և ՌԴ ԱՆ միջև ստորագրված համագործակցության համաձայնագրի թարմացման անհրաժեշտությանը՝ ընդգծելով մի քանի ուղղությամբ աշխատանքային ծրագրեր իրականացնելու կարևորությունը: ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ներկայացրել է նաև նոտարական ոլորտի, փորձագիտական կենտրոնի և ՔԿԱԳ համակարգի բարեփոխումները, պետության կողմից մատուցվող ծառայությունների բարելավման և «մեկ պատուհանի» ստեղծման գործընթացը:

Ալեքսանդր Կոնովալովը նշել է, որ պետք է համագործակցել իրավական փոխօգնության հարցերում: Նա ընդգծել է, որ Հայաստանը, լինելով փոքր երկիր, նորարարական լուծումների առումով միշտ առաջիններից է: Կողմերը դատապարտյալների փոխանակման, փորձագիտական կարողությունների բարելավմանն առնչվող հարցերում համագործակցելու վերաբերյալ մտքեր են փոխանակել: Կարևորվել է Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումի շրջանակում համագործակցությունը և Հայաստանի գիտնականների, իրավաբանների մշտական մասնակցությունն այդ ֆորումին: ՌԴ արդարադատության նախարարը շեշտել է նաև Հայաստանի հետ կլոր սեղանների, համաժողովների, այլ իրավական միջոցառումների անցկացումը և նշել, որ Սանկտ Պետերբուրգի ֆորումն այն հարթակը կլինի, որը կմիավորի հետխորհրդային լավագույն իրավական միտքը: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել 2015 թվականի այցի օրակարգ ձևավորելու, ստորագրվելիք փաստաթղթերը մշակելու, փորձագիտական, ՔԿԱԳ, քրեակատարողական ոլորտում համագործակցելու հարցերում:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել