ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով Մարտի 1-ի տասը զոհերի գործերը կքննվեն առանձին վարույթներով

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այսօր հանդիպել է Մարտի 1-ի զոհերի հարազատներին: Հաշվի առնելով, որ 2008թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործով տուժողների իրավահաջորդներից յուրաքանչյուրը մտահոգված է իր հարազատի մահվան բացահայտման հանգամանքներով, ՀՀ գլխավոր դատախազը զոհերի հարազատների ներկայությամբ ՀՀ գլխավոր դատախազության «Հատկապես կարևոր գործերով քննության վարչությանը» հանձնարարել է գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար ցուցում տալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող նշված քրեական գործից մահվան յուրաքանչյուր դեպքով առանձին վարույթներ անջատելու մասին:

Գևորգ Կոստանյանը, կարևորելով այն փաստը, որ յուրաքանչյուր մարդու կյանքն ինքնին առանձին արժեք է, ընդգծել է, որ յուրաքանչյուր զոհի գործի անջատումը ընդհանուրից բացառապես իրավական գործընթաց է՝ միտված գործի քննության արդյունավետության ապահովմանը:

«Տուժողների իրավահաջորդները օրենքով թույլատրելի սահմաններում ներգրավված կլինեն նախաքննության գործընթացում և հնարավորություն կունենան լիարժեք իրացնել տուժողի իրավահաջորդի իրենց իրավունքները»,-հանդիպման ընթացքում զոհերի հարազատներին վստահեցրել է Գլխավոր դատախազը: Տեղեկացնում է ՀՀ Գլխավոր դատախազության կայքը։

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել