Աղվան Հովսեփյանն այցելել է Արդարադատության ակադեմիա

2015թ-ից Արդարադատության ակադեմիան իրականացնելու է քննիչների ուսուցում և վերապատրաստում: Դասընթացների կազմակերպմանն առնչվող մի շարք հարցերի քննարկման նպատակով նոյեմբերի 21-ին Արդարադատության ակադեմիա էր այցելել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը:

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանի ուղեկցությամբ Աղվան Հովսեփյանը շրջեց Ակադեմիայի շենքում, ծանոթացավ պայմաններին, հետևեց լսարաններում ընթացող դասերին:

Շրջայցից հետո անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում Ակադեմիայի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին կատարված աշխատանքները, առաջիկա ծրագրերը: Առանձնահատուկ շեշտադրում կատարվեց հեռավար ուսուցմանը, որի իրականացումը Ակադեմիայի առաջնահերթություններից է: Քննչական կոմիտեի նախագահը ևս համոզմունք հայտնեց, որ վերապատրաստում իրականացնելու լավագույն տարբերակը հեռաուսուցումն է՝ այդ համատեքստում հատուկ ընդգծելով քննիչների վերապատրաստումը:

Կարևորելով որակյալ մասնագետների դերը քննչական համակարգում՝ Աղվան Հովսեփյանը խոստացավ հետամուտ լինել քննիչների որակյալ ուսուցմանն ու վերապատրաստմանը: Ռուբեն Մելիքյանը հույս հայտնեց, որ առաջիկայում Արդարադատության ակադեմիան և Քննչական կոմիտեն համագործակցված ու արդյունավետ կաշխատեն:

Արդարադատության ակադեմիայի հանրային կապերի բաժին

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել