Մեր արդարադատությունն ինկվիզիցիոն բնույթ ունի. փաստաբան

Դատավարության մեծագույն խնդիրը ցուցմունքների ինստիտուտն է: Պնդում է փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Նա նկատի ունի վկաների ցուցմունքները. «Մարդիկ հաճախ ինչ-որ անցագրով կամ կտրոնով հայտնվում են քննիչի աշխատասենյակում, նրանք կիսաազատ վիճակում են, պետք չի մարդուն ծեծել կամ հայհոյել, ոչ, ներկայումս շատ այլ ճնշման մեթոդներ կան, որոնց տակ մարդիկ տալիս են այնպիսի ցուցմունք, որը քննիչին է հարմար, դա էլ դրվում է մեղադրանքի հիմքում»,- Իրավաբան.net-ին փոխանցեց փաստաբանը: Նրա խոսքերով այլ է պատկերը, երբ անձը ցուցմունք է տալիս դատարանում. «Այստեղ ցուցմունք տվողն այնքան էլ կաշկանդված չէ, շատ հաճախ նրանք գալիս են ու տալիս այլ ցուցմունքներ: Դժվար է ասել, թե դա է ճշմարտությունը, բայց մեր արդարադատությունը ինկվիզիցիայի բնույթ ունի»:

Փաստաբանի խոսքերով` կողմերի միջև մրցակցության սկզբունքը, որն ամրագրված է իրավական նորմերով, ձևական բնույթ է կրում. «Տեսեք, եթե վկան դարանում մեղադրանքին հակառակ ցուցմունք է տալիս, հրապարակում են նախաքննական ցուցմունքը և 99 տոկոս դեպքերում օգտագործում են հենց այդ ցուցմունքը: Եթե այս վիճակը չփոխվի, մենք երբեք չենք ունենա նորմալ դատական համակարգ»:

Այս տեսանկյունից փաստաբանը եզրահանգում է, որ դատախազներն ու քննիչները պահպանում են իրենց իշխանությունը:

Ի դեպ, 5-6 դարերում Անգլիայի այսպես կոչված` Արտակարգ դատարաններում (որը նաև կոչվում էր բարձրագույն դատարան կամ աստղային դատարան) դատավարությունը կրում էր հենց ինկվիզիցիոն բնույթ` տանջանքի կիրառմամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել