Քրեակատարողական հիմնարկներում պայմանները էապես կբարելավվեն. Սուրեն Քրմոյան

Նոյեմբերի 14-ին, ՀՀ կառավարությունում, Արդարադատության նախարարության և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (ՀՎԷԷՀ) միջև ստորագրվել է էներգախնայողության ծրագրի վերաբերյալ համաձայնագիր:

Ծրագրի շրջանակներում 10 քրեակատարողական հաստատություններում էներգախնայողական միջոցառումների իրականացման համար նախատեսվում է կատարել մոտ 1,6 միլիարդ դրամի ներդրումներ, որի արդյունքում ակնկալվում է տարեկան մոտ 7000 կՎտժ էներգիայի խնայողություն, մոտ 300 մլն դրամ դրամական արտահայտությամբ: Այդ խնայված միջոցների հաշվին հետագայում կվերադարձվեն Հիմնադրամի կողմից կատարված ներդրումները:

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը Իրավաբան.net-ին փոխանցեց, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է էապես բարելավվել քրեակատարողական հիմնարկներում էներգիայի սպառման հետ կապված ծախսերը. «Մասնավորապես նոր ջեռուցման համակարգեր ներդնել, վերանորոգել ու ապոհովել ջերմամեկուսումը` փոխելով տանիքները, դռներն ու հաղորդակից դռները: Մենք հասնելու ենք նրան, որ առնվազն 50 տոկոսով նվազելու է էներգիայի ծախսը Քրեակատարողական հիմնարկներում: Այդ տնտեսված գումարների հաշվին մենք փոխհատուցելու ենք հետագա տարիների ընթացքում ներդրումների ծախսերը»:

Պարոն Քրմոյանը նաև ասաց, որ այս ծրագրի շրջանակներում կիրառվելու են նորագույն տեխնոլոգիաներ` արևային ջրատաքացուցիչներ, էներգախնայող լամպեր ու կաթսաներ. «Ի վերջո, էապես նվազելու է նաև վնասակար արտանետումները շրջակա միջավայր և բնապահպանական լուրջ նշանակություն է ունենալու»,- ասաց նախարարի տեղակալը:

Մեր զրուցակցի խոսքերով` այս ծրագրի շնորհիվ բյուջեից զգալի տնտեումներ կարվեն. «Մոտ 700 կամ 800 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար մենք տնտեսում ենք ունենալու յուրաքանչյուր տարի և էապես բարելավելու ենք պայմանները քրեակատարողական հիմնարկներում, առանց լրացուցիչ ներդրումներ կատարելու, իսկ ներդրումները կատարելու ենք տնտեսման հաշվին` հաջորդ տարիներին»,- ասաց փոխնախարարը` հավելելով. «Արդեն իսկ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը իրականացնելու է նախագծման, այնուհետև շինարարական աշխատանքները, ակնկալում ենք, որ ամբողջ ծրագիրը կիրականացվի առավելագույնը 18 ամսվա ընթացքում: Կարծում եմ, որ հաջորդ տարվա կեսերին մենք արդեն իսկ կունենանք առաջին վերակառուցված քրեակատարողական հիմնարկները»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել