Կալանավորումը խափանման միջոցներից ամենախիստն ու ամենահաճախ կիրառվողն է

Գրեթե բոլոր դեպքերում կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց մեր երկրում ընտրվում է կալանքը: Այս մասին iravaban.net-ի լրագրողի հետ զրույցում հայտնեց իրավախորհրդատու Արա Կարագիոզյանը: Նրա խոսքով՝ դեռեւս չի հանդիպել այնպիսի միջնորդությունների, որոնք հստակ հիմնավորված լինեն, թե քրեական գործով ձեռք բերված ո˚ր նյութերն են հիմք տալիս պնդելու, որ անձը կարող է թաքնվել քննությունից, ինչն էլ կարող է հիմք հանդիսանալ կալանքի կիրառման համար:

«Կալանքի սանկցիայի ժամանակ թե՛ վարույթը իրականացնող մարմինը, թե՛ դատարանները պետք է նախ և առաջ անդրադառնան ոչ միայն անմիջապես կալանքի հարցին, այլ նաեւ գրավի կամ ստորագրություն չհեռանալու մասին: Եվ եթե այլընտրանքային խափանման միջոցն անհնար է կիրառել, նոր քննարկվի կալանքի հարցը,- ասում է Արա Ղարագյոզյանը ու հավելում,- կալանքի սանկցիայի ժամանակ չի քննարկվում անձի անմեղության կամ մեղավորության հարցը, քննարկվում է հիմնավոր կասկածի հարցը»:

ՀՀ վճռաբեկ դատարանը ևս 30.08.2007թ. թիվ ՎԲ-132/07 որոշմամբ վերոհիշյալ խնդրի վերաբերյալ հայտնել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «Կալանավորումը քրեական գործի քննության ընթացքում կիրառվող խափանման միջոցներից ամենախիստն է: Այն պետք է ընտրվի միայն այն ժամանակ, երբ խափանման մյուս միջոցները քրեական գործի վարույթի ընթացքում չեն կարող ապահովել անձի պատշաճ վարքագիծը և պետք է կիրառվի միայն այն դեպքում, երբ խափանման մյուս միջոցներով հնարավոր չէ կանխել մեղադրյալի ապօրինի դիմակայությունը և իրականացնել քրեական դատավարության խնդիրները»:

Հիշեցնենք, որ կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցի տեսակներն են կալանավորումը, գրավը, ստորագրություն չհեռանալու մասին, կազմակերպության երաշխավորությունը, հսկողության հանձնելը, հրամանատարի հսկողությանը հանձնելը, որոնք չեն կարող կիրառվել մեկը մյուսի հետ կապակցված: Կալանավորումը և գրավը կարող են կիրառվել միայն մեղադրյալի նկատմամբ: Հսկողության հանձնելը կարող է կիրառվել միայն անչափահասի նկատմամբ: Հրամանատարության հսկողությանը հանձնելը կարող է կիրառվել միայն զինծառայողի կամ զինապարտի նկատմամբ` զորահավաքներ անցնելու ժամանակահատվածում: Գրավը համարվում է կալանավորման այլընտրանքային խափանման միջոց և կիրառվում է միայն այն դեպքում, երբ ստացվել է դատարանի որոշումը մեղադրյալին կալանավորելու մասին:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել