Հակոբ Ինջիղուլյանի նկատմամբ կատարված բռնություններին առնչվող տեսագրություն է ձեռք բերվել. ՊՆ

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարությամբ է հանդես եկել` անդրադառնալով Հակոբ Ինջիղուլյանի դեպքին:

Մամուլի քարտուղարը նշել է, որ ՊՆ-ն հաստատում է վերջերս լրատվամիջոցներում տարածված լուրերն այն մասին, որ ՀՀ պատկան մարմինները լրացուցիչ տեղեկություններ են ձեռք բերել Հակոբ Ինջիղուլյանի գերևարման, նրա նկատմամբ անմարդկային վերաբերմունքի ցուցաբերման, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտումների վերաբերյալ. «Ավելի ստույգ, առկա է համապատասխան տեսագրություն, որը լրացուցիչ հաստատում է ադրբեջանական քարոզչամեքենայի սին բնույթը: Տեսագրությունն անմիջականորեն կապված է Ինջիղուլյանի նկատմամբ կատարված բռնությունների, դրանց միջոցով նրան իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ կատարելուն հարկադրելու հետ: Այն նաև բացահայտում է, թե իրականում ովքեր են իբր «իրենց հարազատների գերեզմաններին այցելած» ադրբեջանցի դիվերսանտները»,- նշվում է հայտարարությունում:

Մամուլի քարտուղարը նաև հաղորդել է, որ տեսագրությունը զանգվածային տարածման ենթակա չէ. «Անձի վերաբերյալ զգայուն տեղեկատվության առկայության և էթիկական տեսանկյունից անթույլատրելիության պատճառով: Սակայն կարող է կոնֆիդենցիալության պահպանման պայմանով ներկայացվել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններին և դիվանագիտական ներկայացուցչություններին»,- նշել է պարոն Հովհաննիսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել