Զավեշտ, թե՞ իրականություն. քաղաքացին քրեական գործի նյութերում հայտնաբերել է բողոքի մերժման նախապես կազմված որոշումը

Երևանի հակակոռուպցիոն կենտրոն է դիմել շահառուներից Ռուզանա Ադանալյանը, ով բողոքարկում է քննիչի և դատախազի գործողությունները, նա հաղորդում է ներկայացրել սուտ մատնության հիմքով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասությունների դատարան: Բողոքը քննում է դատավոր Արմեն Բեկթաշյանը:

Տիկին Ադանալյանը Իրավաբան.net-ին տեղեկացրեց, որ հոկտեմբերի 27-ին հայտնվել է զավեշտալի վիճակում. «Ես 27-ը 10-րդ ամսին գրավոր դիմել եմ դատարանին գործի նյութերի պատճեները վերցնելու համար: Հոկտեմբերի 28-ին ես վերցրել եմ 18 փաստաթղթեր և տեսել, որ նյութերի մեջ առկա է որոշում, հոկտեմբերի 27-ի ամսաթվով, ըստ որի` իմ բերած բողոքը ենթակա է մերժման»,- շեշտեց քաղաքացին` հավելելով, որ որոշումը բազմաթերթ է, կետ առ կետ նշված է գործի դատավարական նախապատմությունը, ներկայացված բողոքի բովանդակությունը, դատարանի իրավական վերլուծությունը և դատարանի պատճառաբանություններն ու եզրահանգումները. «Այսպիսով որոշումը ամբողջությամբ հավաքված է ու մշակված, ուղղակի ստորագրված չէ և կնքված: Այսինքն` դատավորը նախապես պատրաստել է վճիռը` ապօրինի ներքին որոշում կայացնելով: Մինչդեռ նախորդ նիստին, ներկա չէին ոչ դատախազը, ոչ էլ կողմը, իսկ նոյեմբերի 11-ին նիստ է նշանակված եղել, ես էլ սպասում էի, որ դատախազը պետք է գա, մյուս կողմը կներկայանա, և փաստաթղթեր էի նախապատրաստել ներկայացման համար»,- փոխանցեց մեր զրուցակիցը:

Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Արա Կարագյոզյանն ասաց, որ եթե պարզվի` նշյալ որոշումը հենց դատավորն է կազմել, ապա կստացվի, որ նա բազմակողմանի և լրիվ քննություն չի իրականացրել. «Այսինքն` դատավորն արդեն իսկ կարծիք է հայտնել և կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերել քաղաքացու նկատմամբ: Սա վարքագծի կանոնների կոպիտ խախտում է: Քաղաքացին պատահաբար է ստացել այս որոշումը: Մենք քաղաքացուն խորհուրդ տվեցինք բողոք ներկայացնել արդարադատության խորհրդին` պատճենը ներկայացնելով գլխավոր դատախազին, մարդու իրավունքների պաշտպանին և արդարադատության նախարարին»,- եզրահանգեց իրավաբանը:

Իրավաբան.net-ն այս առնչությամբ զրուցեց ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետի պաշտոնակատար Արթուր Աղամալյանի հետ, որ պարզաբանեց, որ դատավարն ունի իր սպասարկման աշխատակազմը, որոնց մեջ մտնում է դատավորի օգնականն ու գործավարը. «Օգնականի լիազորությունների մեջ մտնում է նաև այն կետը, որ նա կազմում է դատական ակտերի և այլ փաստաթղթերի նախագծեր: Դրանց պարագայում, դատավորի օգնականը գործում առկա նյութերի հիման վրա, կազմել է որոշակի նախագիծ: Բոլորովին պարտադիր չէ, որպեսզի այդ նախագիծը դառնա դատական ակտ այն տեսքով, ինչ-որ նախատեսված է, 99 տոկոսով վերջում դա փոփոխվում է` թե բովանդակային առումով, թե տեխնիկային պահանջների տեսակետից»:

Ուստի պարոն Աղամալյանը չբացառեց, որ նշյալ դատավորի օգնականն է հենց կազմել է նախագիծը: Դատավորի ընդունարանից հրաժարվեցին պատասխանել մեր հարցերին` շեշտելով, որ այդ իրավասությանը տրված է միայն դեպարտամենտին, իսկ Արթուր Աղամալյանը տեղեկացրեց, որ այդ որոշումը չի հանդիսանում գործի նյութ. «Այդ առումով դրա տրամադրումը, ես գտնում եմ, որ ուղղակի եղել է շփոթմունք»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել