Հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի քննարկում Սյունիքի մարզում

Հոկտեմբերի 29-ին Կապանում տեղի ունեցավ 2014-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի հանրային քննարկում, որը կազմակերպել էր Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան` Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԵԻԱ-ի գործադիր տնօրեն, «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի համակարգող/դրամաշնորհների պատասխանատու Արտակ Սարիբեկյանը և «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ռեգիոնալ համակարգող Անի Ասատրյանը:

«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ազգային փորձագետ Մարատ Ատովմյանը և միջազգային փորձագետ Քարլ Ուլբրիխտը ներկայացրեցին հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը, ապա խոսվեց անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծման ու ապօրինի հարստացման քրեականացման անհրաժեշտության մասին, որից հետո մասնակիցները ներկայացրեցին իրենց կարծիքներն ու առաջարկությունները:

«Կապան քաղաքացիական շարժում» կազմակերպության ներկայացուցիչ Դավիթ Հակոբյանի կարծիքով վերջին տարիներին մշակված հակակոռուպցիոն ռազմավարության քաղաքականությունը եղել է շատ անարդյունավետ և եթե եղել է որևէ փոփոխություն, ապա միայն դեպի վատը: Վերջինս գտնում է, որ դրա պատճառը ոչ միայն պետական մարմինների, այլ նաև հասարակական կազմակերպությունների թերի աշխատանքն է, իսկ իրական փոփոխություններ արձանագրելու համար նախ պետք է լինի քաղաքական կամք իշխանությունների կողմից ու հետո արդեն հասարակական կազմակերպությունների դերն ու նշանակությունը ակնհայտ կդառնա:

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի ներկայացուցիչ Հրայր Խաչատրյանի կողմից հարց բարձրավեց այն մասով, թե ինչու նախագծի մեջ մանրամասն նշված չեն այն չափանիշները, որոնց հիման վրա թիրախավորվել են կոնկրետ 4 ոլորտներ, ապա առաջարկեց ստեղծվեն անկախ հակակոռուպցիոն մարմիններ, որոնցից յուրաքանչյուրը պատասխանատու կլինի կոնկրետ մի ոլորտի համար, քանի որ միայն այդպես հնարավոր է արդյունավետ պայքար տանել:
«Կապանի կանանց տարածաշրջանային ասոցիացիա» ՀԿ-ի ներկայացուցիչ Սուսաննա Մարտիրոսյանը փաստեց, որ անհրաժեշտ է փոխել նախևառաջ մարդկանց մտածողությունը, հասարակության իրավական իրազեկությունը ցածր է: Տիկին Մարտիրոսյանը համարում էր, որ փոփոխություններ արձանագրելու համար պետք է սկսել երեխաներից, այսինքն դպրոցներից և դա կարելի է անել կրթական ծրագրերում հակակոռուպցիոն դասընթացներ ներդնելով: Նշենք, որ առաջարկին միացավ նաև «Սյունիքի դպրոցականներ» ՀԿ-ի ներկայացուցիչ Արթուր Հակոբյանը:

Իսկ «Կենի» ՀԿ-ի ներկայացուցիչ Գարեգին Գաբրիելյանը հանդես եկավ Հայաստանում ապօրինի հարստացման քրեականացման հարցի մասին իր տեսակետով: Նա նախ ցանկացավ իմանալ, թե ինչպիսի սահմանաչափն է որակվելու որպես ապօրինի հարստացում, ապա ասաց, որ միայն խնդիրը քրեականացնելով լուծում չի տրվի, անհրաժեշտ կլինեն նաև հստակ մեթոդներ օրենքի կիրառման համար:

իրավաբան․net

  Դիտվել է`

Այլ միջոցառումներ

Իրադարձություններ