Կբարեփոխվի պատժից պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը. Հովհաննես Մանուկյան

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղարության ծրագրերի տնօրինության ղեկավար Վերենա Թեյլորի գլխավորած պատվիրակությանը:  Այս մասին հաղորդում է ՀՀ Արդարադատության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: Հովհաննես Մանուկյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության ներկայիս մակարդակը և ներկայացրել ՀՀ կառավարության, մասնավորապես՝ Արդարադատության նախարարության ծրագրերն ու առաջնահերթությունները:  Նախարարը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության խթանման, կոռուպցիայի դեմ պայքարի, խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքները:  Հովհաննես Մանուկյանն առանձնացրել է նաև քրեակատարողական համակարգի բարելավմանն ուղղված միջոցառումները և նշել, որ առաջիկա տարիներին նախատեսվում է քրեակատարողական նոր հիմնարկների շինարարություն: «Այս տարի ծրագրում ենք շահագործման հանձնել մոտ 400 դատապարտյալի համար նախատեսված «Արմավիր» ՔԿՀ-ի առաջին մասնաշենքը: Նախատեսում ենք նաև օրենսդրական բարեփոխումներ, որոնց արդյունքում կբարձրանա քրեակատարողական ծառայության արդյունավետությունը, կբարեփոխվի պատժից պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը»,-նշել է արդարադատության նախարարը:  Հովհաննես Մանուկյանը ներկայացրել է նաև պրոբացիոն ծառայության ներդրման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներն ու ընդգծել, որ ծառայության ստեղծումը ոչ միայն կնպաստի քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդրի լուծմանը, այլև կալանքին այլընտրանք համարվող խափանման միջոցների առավել լայն կիրառմանը՝ նվազեցնելով նախնական կալանքների թիվը:  Վերենա Թեյլորը նախարարից հետաքրքրվել է՝ արդյոք ՀՀ կառավարության և քաղաքացիական հասարակության միջև առկա է երկխոսություն:  Հովհաննես Մանուկյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը որդեգրել է հանրային սեկտորի հետ հարաբերություններում և որոշումների կայացման հարցում առավելագույն ներգրավվածության քաղաքականություն: Իբրև օրինակ՝ նախարարը նշել է ՀՀ արդարադատության նախարարին կից ստեղծված հանրային խորհուրդը, որի կազմում ընդգրկված են ոլորտում գործող հասարակական կազմակերպությունները:  ԵԽ ներկայացուցիչը կարևորել է նախարարի բարձրացրած հարցերի ուղղությամբ տարվող աշխատանքների անհրաժեշտությունը և հայտնել համագործակցության պատրաստակամություն:  

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել