Թեկնածուների նկատմամբ ճնշում է գործադրվել. ԻԵՄ-ի հայտարարությունը ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի մրցույթի վերաբերյալ

«Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունը հանդե է եկել հայտարարությամբ ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի ընտրության մրցույթի վերաբերյալ: Բացի այդ, ՀԿ-ն նաև համապատասխան զեկույցով է հանդես եկել, կարող եք կարդալ այստեղ:

Կազմակերպության հայտարարությունը ներկայացնում ենք ստորև`

Դեռևս ս.թ. սեպտեմբերի 30-ին մի խումբ հասարակական գործիչներ և կազմակերպություններ, այդ թվում` «Իրավունքի Եվրոպա միավորում»հասարակական կազմակերպությունը, իրենց մտահոգությունն էին բարձրաձայնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (այսուհետ` ՄԻԵԴ) Հայաստանի դատավորի ընտրության մրցույթի փաստաթղթային փուլում Հանձնաժողովի ոչ թափանցիկ և ոչ հրապարակային գործելաոճի կապակցությամբ:

Ս.թ. հոկտեմբերի 4-ին ԻԵՄ-ը հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում, ինչպես նաև առանձին հայտարարությամբ բարձրաձայնել էր փաստաթղթերի ստուգման փուլում տեղ գտած խախտումների մասին, մասնավորապես` ընդգծելով երեք հավակնորդների` նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանի, դատավորներ Նորա Կարապետյանի և Արայիկ Մելքումյանի կողմից փաստաթղթերը վերջնաժամկետից հետո ներկայացնելու կապակցությամբ իր կասկածները՝ հիմնվելով ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի տրամադրած փաստաթղթերի վրա:

Սույն հայտարարությամբ մենք մեր մտահոգությունն ենք հայտնում մրցույթի հարցազրուցի փուլում Հանձնաժողովիոչ թափանցիկ և կամայական գործելաոճի կապակցությամբ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս առումով հարցազրույցիև հարցազրույցի արդյունքներիամփոփման փուլերում ևս որևէ առաջընթաց չարձանագրեց:

Այսպես` մինչ օրս չեն հրապարակվել Հանձնաժողովի հրավիրած նիստերի օրակարգերի և անցկացման վայրի վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև այդ նիստերի արձանագրությունները, թեև Նախագահի 02.08.2014թ. ՆՀ-199-Ն հրամանագրի հավելված կարգի (այսուհետ` նաև Կարգ) 7-րդ և 8-րդ կետերով սահմանված է, որ Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, իսկ նիստերն արձանագրվում են: Այսպիսով փաստացի առկա է Հանձնաժողովի առնվազն ութ որոշում, որոնցից առաջինը՝ ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հայտարարությունը, հաջորդ երեքը՝ սույն թվականի սեպտեմբերի 1-ին (որոշումներ՝ 1-Լ, 2-Լ և 3-Լ),հաջորդը՝ սեպտեմբերի 29-ին (որով հաստատվել է հարցազրույցի փուլ անցած հավակնորդների ցանկը), հոկտեմբերի 6-ի և 7-ի որոշումները՝ հավակնորդներից մեկի միջնորդության արդյունքում, որոնցից առաջինը ընդունվել էր իննը հոգանոց հանձնաժողովի չորս անդամի քվերակությամբ (հավակնորդը Հանձնաժողովի երեք անդամի բացարկ էր հայտնել, երկու այլ անդամ բացակայում էին) և վերջինը՝ հոկտեմբերի 7-8-ի որոշումը՝ ԵԽԽՎ ներկայացվող երեք թեկնածուների ցուցակը հաստատելու մասին, սակայն հրապարակվել է միայն մեկ արձանագրություն վերնագրված «ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 3», որը չի համապատասխանում ո՛չ Կարգին և ո՛չ էլ ներպետական օրենսդրությամբ սահմանված արձանագրության չափանիշներին, քանի որ չի պարունակում տվյալներ առանձին հարցերի վերաբերյալ կազմակերպված քվեարկությունների և դրանց արդյունքների մասին:

Այդպես էլ չի պարզաբանվել, թե ուր անհետացան որոշ հավակնորդների իրենց անունները չհրապարակելու մասին դիմումները, որոնք որպես շատ հարմար առիթ օգտագործվում էին Հանձնաժողովի կողմից` ս.թ. սեպտեմբերի 24-26-ն ընկած ժամանակահատվածում նրանց անունները գաղտնի պահելու համար:

Երկրորդ` առանց քննության առնելու ԻԵՄ-ի բարձրաձայնած մտահոգությունները երեք թեկնածումների դիմումների ներկայացման ժամկետների կապակցությամբ` Հանձնաժողովն անցել է հարցազրույցների փուլին: Փաստաթղթային փուլի մասին` ԻԵՄ-ի բարձրաձայնած մտահոգությունները Հանձնաժողովը քննության է առել բոլոր մասնակիցների հետ հարցազրույցներ անցկացնելուց հետո` դարձյալ գաղտնիության ռեժիմով` ԻԵՄ-ին հնարավորություն չընձեռելով մասնակցելու իր ամփոփիչ նիստին, ինչով ևս մեկ անգամ խախտել է թափանցիկության սկզբունքը և հանրության` տեղեկացված լինելու իրավունքը:

07.10.14թ. երեկոյան ժամը 19.45-ի մոտակայքում սկսված ամփոփիչ նիստը դարձյալ բավական լուրջ կասկածներ է հարուցում Հանձնաժողովի անաչառության վերաբերյալ: Ըստ էության նիստով Հանձնաժողովը հետին թվով մեկնաբանել է ՀՀ Նախագահի 02.08.2014թ. ՆՀ-199-Ն հրամանագրի հավելվածը հանդիսացող կարգը և սահմանել, որ դիմումների ստացման վերջնաժամկետ հռչակված ս.թ. սեպտեմբերի 24-ի, ժամը 18.00-ն «ողջամտորեն» վերաբերել է միայն առձեռն, այլ ոչ` փոստով ներկայացված դիմումներին` դրանով իսկ արդարացնելով նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանի կողմից իր դիմումը սահմանված վերջնաժամկետից ուշ ներկայացնելու հանգամանքը:

Աննախադեպ է այն հանգամանքը, որ երկու գործող դատավոր հավակնորդները գիշերվա 23:00-00:00 ժամերի միջակայքում հրավիրվել են Հանձնաժողովի նիստին` պարզաբանումներ տալու իրենց դիմումների ներկայացման հանգամանքների կապակցությամբ, սակայն ներկայանալով, ինչպես տեղեկանում ենք նիստի արձանագրությունից, հրաժարվել են պարզաբանումներ տալուց և խնդրել, որպեսզի Հանձնաժողովը չամփոփի իրենց հարցազրույցների արդյունքները և հանի իրենց մասնակիցների ցուցակից: Անհավանական է այն հանգամանքը, որ երկու դատավոր մասնակցեն նման նշանակության մրցույթի (ընդ որում` նրանցից մեկը՝ Նորա Կարապետյանը, դրսևորի` ներկայումս երեք հավակնորդների ցանկում տեղ գտած կին թեկնածուից (Նելիկ Հարությունյանից)) մի քանի անգամ ավելի լավ ցուցանիշ, իսկ հետո առանց որևէ բացատրության դիմում գրեն իրենց մասնակցությունը հաշվի չառնելու վերաբերյալ: Նշված հանգամանքները թույլ են տալիս եզրահանգելու, որ այդ երկու թեկնածուների նկատմամբ ճնշում է գործադրվել Հանձնաժողովի կամ այլ պաշտոնատար անձանց կողմից, ինչն աներկբայորեն անհամատեղելի է դատական իշխանության անկախության սկզբունքի հետ:

Վերոգրյալի համատեքստում խիստ կարևոր է նշել, որ մինչև հարցազրույցը և՛ Արայիկ Մելքումյանը, և՛ Նորա Կարապետյանը հրապարակային հայտարարություններով են հանդես եկել այն մասին, որ իրենք 22.09.14թ. և 23.09.14թ.`համապատասխանաբար, ներկայացել են ԱՆ և, սահմանված Կարգին համապատասխան, ներկայացրել իրենց փաստաթղթերը (ԱՆ ներկայանալու հանգամանքը հաստատվում է նաև ԱՆ-ի կողմից հրապարակված ելքի և մուտքի գրանցամատյանի տվյալներով): Ստացվում է, որ այս հավակնորդների գրանցումը Հանձնաժողովի աշխատակազմը պատշաճ կարգով չի իրականացրել: Ակնհայտ է, որ այս կապակցությամբ, առաջին հերթին Հանձնաժողովը պետք է պարզաբանումներ պահանջեր աշխատակազմի ներկայացուցիչ հանդիսացող Միքայել Մինասյանից, որն ի պաշտոնե պատասխանատու էր դիմումների ընդունման և սահմանված կարգին դրանց համապատասխանության ստուգման և պատշաճ գրանցման համար:

Ինչ վերաբերում է վերոնշյալ երկու հավակնորդների մասով հարցազրույցի արդյունքները չամփոփելուն, ապա դա ակնհայտորեն հետապնդել է երկու նպատակ՝ քողարկելով Նորա Կարապետյանի ակնհայտ առավելությունը Նելիկ Հարությունյանի (58,05 միավոր) նկատմամբ` վերջինիս ընդգրկել հաղթող ճանաչված թեկնածուների ցուցակում և այս երկու հավակնորդների հաշվին մաքրել Ա.Հարությունյանի դիմումի ուշացման հետ կապված պատմությունը:Միևնույն ժամանակ, համեմատաբար կոմպետենտ կին թեկնածուին ցուցակում ընդգրկվելու հնարավորությունից զրկելն էլ ավելի է ամրապնդվում Ա.Հարությունյանի դիրքերը:

Ի լրումն դռնփակ և գաղտնիության ռեժիմով նիստ անցկացնելուն` Հանձնաժողովը չի պատասխանել նաև ԻԵՄ-ի դիմումներին, որոնցով կազմակերպությունը խնդրել էր տրամադրել՝

1. հարցազրույցների տեսագրությունները,

2. Հանձնաժողովի անդամների կողմից լրացված գնահատման թերթիկները յուրաքանչյուր հավակնորդի մասով,

3. հրավիրված լեզվի մասնագետների կողմից կատարված նշումները, որոնց հիման վրա Հանձնաժողովը գնահատել էր մասնակիցների անգլերենի և ֆրանսերենի իմացությունը:

Այդ փաստաթղթերի տրամադրման մերժումը հիմք է տալիս ենթադրելու, որ Հանձնաժողովի անդամները հարցազրույցի մասնակիցներին գնահատելիս դրսևորել են կամայական մոտեցում:

Հավելելով վերոգրյալը հիշեցնենք, որ փաստերի ճնշման տակ Հանձնաժողովն ինքը06.10.14թ. նիստով ընդունեց որոշում, որով ճանաչեց որ Հանձնաժողովի աշխատակազմը որոշ դեպքերում գործել է իր լիազորությունների շրջանակից դուրս, բավարարվելով միայն այդ հայտարարությամբ, որը ոչ մի հետևանք չառաջացրեց պատասխանատուների համար:

Մրցույթի կարգի և գնահատման ենթակա պահանջների և չափորոշիչների վերաբերյալ:

Այսպես՝ ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության համար կազմակերպվող մրցույթից դուրս է մնացել Կոնվենցիայի 21-րդ հոդվածով նախատեսված դատավորներին առաջադրվող բարոյական հատկանիշների ստուգման հարցը:

Ավելին` հավակնորդներին չեն տրվել սույն թվականի սեպտեմբերի 1-ի Հանձնաժողովի թիվ 3-Լ որոշմամբ սահմանված գնահատման ենթակա պահանջների բովանդակությունը բացահայտող չափանիշներին վերաբերող հարցերը

Այսպես՝ որոշ թեկնածուների չեն տրվել հարցեր Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի հիմքում ընկած արժեքների` արդարության, խտրականության բացառման և իրավահավասարության, ինչպես նաև ժողովրդավարության ընկալման և դրանց նկատմամբ վերաբերմունքի մասին հարցեր, որոնք հանդիսանում են հավակնորդների անձնական հատկանիշների գնահատման չափորոշիչներ և որոնց պատասխանելու դեպքում հավակնորդները կարող էին հավաքել առավելագույնը 15 միավոր: Որոշ հավակնորդների չեն տրվել մասնագիտական հմտությունների գնահատման նպատակովարագ ընկալելու և կողմնորոշվելու, արդյունավետ լուծումներ գտնելու ունակությունների գնահատման պահանջի բովանդակությունը բացահայտող հարցերը:Հետևաբար, այդ հավակնորդներըչպետք է գնահատվեին այն հարցերի համար, որոնք նրանց չեն տրվել:

Որոշ հավակնորդների լեզվի իմացության ստուգման ժամանակ ո՛չ լեզվի մասնագետների, ո՛չ Հանձնաժողովի անդամների տրամադրության տակ չեն եղել թարգմանության ենթակա նյութերը:

Ինչ վերաբերում է հարցազրույցից Հանձնաժողովի անդամների բացակայությանը

Այսպես՝ հավակնորդ Դավիթ Հակոբյանի հարցազրույցի առաջին երկու` անձնական հատկանիշների և մասնագիտական որակների ստուգման փուլերին ներկա չեն եղել Հանձնաժողովի անդամներից երեքը` Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը և ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Նրանք ներկայացել են ընդամենը հավակնորդի լեզվաիմացության ստուգման փուլում: Հանձնաժողովի տարբեր անդամներ բացակայել են նաև հարցազրույցի փուլի այլ հատվածներից: Հանձնաժողովի անդամների գնահատման թերթիկների չհրապարակման պարագայում հանրությունը չի կարող տեղեկանալ, թե արդյոք Հանձնաժողովի, հարցազրույցի փուլի տարբեր հատվածներից բացակայող, անդամները գնահատել են հավակնորդներին թե ոչ: Եթե այո, ապա այդ փուլերին չմասնակցելով, ինչպես են դա արել: Եթե ոչ, ապա դրանով ևս խախտվել է հավակնորդների իրավահավասարության սկզբունքը:

Լրջագույն խնդիրներ են նաև Հանձնաժողովի անդամների զբաղեցրած պաշտոնների և Հանձնաժողովի անդամի կարգավիճակի անհամադրելիությունը, շահերի բախման իրավիճակը, ինչպես նաև Հանձնաժողովի որոշ անդամների և հավակնորդների միջև առկա շահերի բախման իրավիճակը

Այս և մի շարք այլ հարցեր, որոնց մենք առավել հանգամանորեն անդրադարձ ենք կատարել մեր վերջնական զեկույցում, կասկածներ են հարուցում մրցույթի արդարության վերաբերյալ:

Հաշվի առնելով վերոգրյալը և նկատի ունենալով Հանձնաժողովի ներկայացրած և Սերժ Սարգսյանի կողմից հաստատված թեկնածուների ցուցակում տեղ գտած առաջին և երկրորդ թեկնածուների և երրորդ` կին թեկնածուի ստացած միավորների տարբերությունը, թեկնածուներ Ա.Հարությունյանի և Ա.Ղազարյանի կենսագրությունների ցայտուն տարբերությունը, ինչպես նաև երկրորդ թեկնածուի կողմից ֆրանսերենի չիմացությունը` հակառակ ԵԽ-ի նախարարների կոմիտեի թիվ CM(2012)40 ուղեցույցի հանձնարարականի` կարող ենք ենթադրել, որ արվեց ամեն հնարավորը, որպեսզի Ա.Հարությունյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում այլընտրանք չունենա:

Իրավունքի Եվրոպա միավորում ՀԿ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել