Ուրիշի գույքը խոշոր չափերով հափշտակելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Փաստաբան Արմեն Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՀՔԾ պաշտոնական կայքից:
Փաստաբան Արմեն Մ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի հունիսին իրեն է դիմել ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանի ընկերը ոստիկանի համար արտասահմանից «Տոյոտա Վիտց» մակնիշի ավտոմեքենա ձեռք բերելու և Հայաստանի Հանրապետություն ներմուծելու հարցում օգնելու նպատակով: Պայմանավորվածության համաձայն` ավտոմեքենան 2014 թվականի սեպտեմբերին տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն, սակայն ավտոմեքենայի տեխնիկական վիճակը չի բավարարել ոստիկանին, և նշված հարցը պարզաբանելու համար 2014 թվականի սեպտեմբերի 8-ին` ժամը 19:00-ի սահմաններում, իր գրասենյակում ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանը և վերջինիս ընկերները սպառնալով ու հայհոյելով վիրավորել են իրեն, պահանջել վերադարձնել իր միջոցով ՀՀ ներմուծված «Տոյոտա Վիտց» մակնիշի ավտոմեքենայի համար վճարված գումարը, ապա ծեծի են ենթարկել իրեն:
Բացի դրանից, փաստաբան Արմեն Մ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ ավտոմեքենայի հարցի շուրջ պարզաբանման նպատակով 2014 թվականի սեպտեմբերի 10-ին, կրկին հանդիպել է ոստիկանին, որի ժամանակ վերջինս առաջարկել է 1 մլն. 269 հազար ՀՀ դրամին համարժեք 3100 ԱՄՆ դոլար հավելավճարի և «Տոյոտա Վիտց» մակնիշի ավտոմեքենայի հետ փոխանակել իր համար ներմուծված «Նիսսան Սերենա» մակնիշի ավտոմեքենան:
Արմեն Մ.-ն, վստահելով ոստիկանին, համաձայնվել և տվել է նոտարական կարգով հաստատված լիազորագիր, որի հիման վրա ավտոմեքենան մաքսազերծվել ու առուվաճառքի պայմանագրով հաշվառվել է ոստիկանի անվամբ, սակայն վերջինս խաբեությամբ չի տվել պայմանավորված հավելավճար գումարը:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել