«Կանայք իրավապահ մարմիններում» միջազգային կոնֆերանս Բիշքեկում

ԵԱՀԿ-ի համայնքային ոստիկանության ծրագրի շրջանակում՝ հոկտեմբերի 16-ին Ղրղզստանի Հանրապետության Բիշքեկ քաղաքում Ղրղզստանի ներքին գործերի նախարարության հետ համատեղ կազմակերպվել էր «Կանայք իրավապահ մարմիններում» միջազգային կոնֆերանսը, որին մասնակցում էին տարբեր երկրներից հրավիրված անվտանգության և իրավապահ ոլորտի, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների շուրջ 100 ներկայացուցիչներ: Հաղորդում է ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժինը:
Հայաստանի Հանրապետության պատվիրակության մեջ ընդգրկված էին ՀՀ ոստիկանության շտաբի կազմակերպական-վերլուծական վարչության բարեփոխումների և կառավարչական որոշումների համակարգման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Լիանա Ամիրխանյանը, ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Մարինա Վերվեկան, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Լաուրա Հայրունին և «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության անդամ Գայանե Հովակիմյանը:
Միջոցառման ընթացքում քննարկվեցին իրավապահ մարմիններում ծառայող կանանց գենդերային հավասարության խնդիրները: Եղան նաև մի շարք առաջարկություններ՝ կիրառելով միջազգային փորձը համախմբել կին ծառայողների ուժերը և ուղղորդել իրավակարգի և անվտանգության ամրապնդմանն ու հասարակության պաշտպանությանը, ինչպես կարող են կանայք բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը և ինչպիսի խնդիրներ կարող են լուծել նրանք, ինչպես մեծացնել կին ծառայողների թվաքանակը և ինչպիսի աշխատանքային պայմաններ ու արտոնություններ սահմանել նրանց համար: 
Բացի այդ, հոկտեմբերի 15-ին ԵԱՀԿ կենտրոնը հայկական պատվիրակության համար կազմակերպեց աշխատանքային այց Ղրղզստանի ներքին գործերի նախարարություն: Տեղի ունեցան հանդիպումներ բարեփոխումների բաժնի, համայնքային ոստիկանության և գենդերային հավասարության հարցերով զբաղվող ստորաբաժանումների ծառայողների հետ:
Պատվիրակությունն այցելեց նաև համայնքային ոստիկանության հենակետ և օպերատիվ կառավարման կենտրոն:

Լուսանկարը՝ police.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել